Կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց Հանրապետական կուսակցությանն անդամագրվելու որոշման մասին՝ կարծիք հայտնելով, որ այս քայլը շատերի համար կանխատեսելի է և տրամաբանական:
Ըստ Կարապետյանի, ՀՀԿ-ն այն կուսակցությունն է, որը գիտակցելով երկրի անվտանգության և զարգացման համար իր պատասխանատվությունը՝ որոշում է կայացրել փոխվել և ունի իր մեջ այդ ներուժը:
ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց քաղաքագետ Արմեն Բադալյանի հետ, ով, անդրադառնալով տարածված խոսակցություններին, թե ՀՀԿ-ն պարտադրել է Կարեն Կարապետյանին՝ դառնալ հանրապետական, ասաց.
«Հանրապետականը չի կարող վախեցնել կամ ստիպել վարչապետին՝ այս կամ այն կուսակցության անդամ դառնալ: Դա վարչապետն ինքն անձամբ է որոշում. սա՝ մեկ, և երկրորդ՝ խնդիրը դրված չէ՝ նա հանրապետակա՞ն է, թե՞ ոչ: Հայաստանում կա իշխանափոխության սահուն գործընթաց, որը և իրականացվում է:
Կարեն Կարապետյանը նշանակվեց վարչապետ և իր հսկողության տակ վերցրեց տնտեսական բլոկը, այդ թվում և պետեկամուտների կոմիտեն, այսինքն մի կառույց, որը նախկին երկու վարչապետներին՝ ո՛չ Հովիկ Աբրահամյանին, ո՛չ Տիգրան Սարգսյանին, նախագահը չէր հանձնել, բայց այս դեպքում՝ ստիպված հանձնեց: Սա առաջին փուլն էր: Երկրորդ փուլն էլ այն է, որ Կարեն Կարապետյանն իրենով է անում հանրապետական կուսակցությունը: Սա էլ 2016-2018 թվականների իշխանափոխության սահուն գործընթացի հերթական քայլն է»,- ասաց Բադալյանը:
Վերջինս նշեց, որ քանի որ Հանրապետական կուսակցությունը Հայաստանում իշխանություն է, բնականաբար, կառավարությունը եթե վերցնում ես, պետք է վերցնես նաև Հանրապետական կուսակցությունը:
Գ. Հ.