Հետաքրքիր է, մի ամբողջ ազգ՝ դիմություն, թե ընդդիմություն, հետընտրական պրոցեսների մեջ է: Նախագահի որոշ թեկնածուներ՝ ակտիվ, թե պասիվ, ինչ-որ կերպ երևում են սկիզբ առած ժողովրդական այս շարժման մեջ. Հրանտ Բագրատյանը մեկ անգամ եղել, այսօր ևս լինելու է Ազատության հրապարակում, Անդրեաս Ղուկասյանը ելույթ է ունեցել: Իսկ ուր են մյուսները, ովքեր պատրաստվում էին իբր ժողովուրդ ու երկիր առաջնորդել դեպի ապագա: Կարող եմ ենթադրել, որ էպոսագետն իր առաքելությունն ավարտված համարեց և կրկին փակվեց Ագռավաքարում: Իսկ այ Պարույր Հայրիկյանի ու Արման Մելիքյանի մասին ոչինչ ասել չեմ կարող: Ո՞ւր է ընդդիմադիր Հայրիկյանը: Սահմանադրական դատարանի պատմություններից այս կողմ այս մարդն անցավ ընդհատակ: Այլևս չենք լսում նրա մասին: Վե՞րջ: Էլ ասելիք ու անելիք չկա՞, տեսլական ու դիրքորոշում չկա՞: Փաստորեն ինչ եղավ, թատրոն էր, որի վերջաբանը թողնվեց հանդիսատեսի տրամաբանությա՞նը… 1 ամիս՝ ժողովրդի հետ, ժողովրդի համար, դրանից հետո 5 տարի՝ ինքս ինձ համա՞ր…

Պարոնայք, ընտրությունները լուրջ քաղաքական գործընթացներ են, որոնցով պայմանավորված է մի ողջ ժողովրդի ու պետության ապագան: Եթե հանձն եք առել դերակատարում ունենալ, ուրեմն պետք է ասպարեզում լինեք, ավելին՝ տեսանելի տեղում: Ընտրությունները Նոր տարի չեն, դուք էլ՝ տոնածառ, որ 1 ամիս ձեզ տեսնել-հիանալուց հետո անմիջապես մոռանանք ձեր մասին՝ մինչև հաջորդ «Նոր տարի»՝ 5 ամյակը մեկ:

Արմինե Վարդանյան