ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Հանրապետական կուսակցության գործադիր մարմնում ընդգրկվելը համարում է մեծ պատասխանատվություն: «Մեծ պատիվ է, որ կուսակցությանն անդամակցելուց հետո ստացա վստահության քվե և ընտրվեցի ԳՄ անդամ: Ես դա դիտում եմ որպես շատ բարձր վստահություն և պատասխանատվություն, որովհետև սահմանադրական բարեփոխումների հիմքով տեղի ունեցող փոփոխություններով կուսակցական գործունեությունը ստանում է նոր խորքային իմաստ, կուսակցությունների ամրապնդումը քաղաքական մշակույթի կարևոր մաս է»,- ՀՀԿ 16-րդ համագումարից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Վիգեն Սարգսյանը:

 

Նրա խոսքով' իր համար ՀՀԿ համագումարում այսօրվա կարևոր խորհուրդներից մեկը եղել է բացարձակ միակարծություն բոլոր ելույթներում և այն, որ պաշտպանությունն առանցքային խնդիրներից մեկն է: «ԱԺ-ում քննարկումների ժամանակ ևս հասկացա, որ պաշտպանությունն այն ոլորտն է, որտեղ ունենք բոլոր քաղաքական ուժերի լիարժեք աջակցությունը, ուստի ունենք կատարելու շատ մեծ աշխատանք: Տրամադրված եմ վճռորոշ կերպով աշխատելու. ազգ-բանակի գաղափարախոսությունը դառնում է առանցքային ուղղություն, անելու եմ ամեն ինչ, որպեսզի ԶՈՒ-ը լինեն թափանցիկ, հարգված, ժողովուրդ ը խորը վստահություն ունենա մեր ողջ սպայական անձնակազմի և բանակի նկատմամբ»,- ասաց Սարգսյանը:

 

Ըստ նրա՝ համագումարոմ քննարկումները մատնաշնեցին, որ կարիք կա բազմաթիվ խնդիրների մոտենալ նոր մոտեցումներով: «Բոլորս պետք է աշխատենք, գիտակցենք, թե նոր սահմանադրության ներքո կուսակցությունն ինչպես պետք է արձագանքի մարտահրավերներին: Միշտ հեռու եմ եղել այն մտքից, որ գալիս եմ որևէ բան զրոյից փոխելու, մանավանդ ՀՀԿ-ում, որն ունի մեծ փորձ: Եկել եմ աջակցելու և օգնելու այն գործում, ինչը կուսակցությունն անելու է երկար տարիներ»,- ասաց Պաշտպանության նախարարը: Հարցին, թե ինչու հենց հիմա անդամակցեց ՀՀԿ-ին' Սարգսյանը նշեց, որ մինչ այս զբաղեցրել է հայեցողական բարձրագույն' ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, միշտ սերտ փոխգործակցություն է ունեցել ՀՀԿ-ի հետ:

 

«Սկզբունքորեն մեծ տարբերություն կա հայեցողական և քաղաքական պաշտոնի միջև: Անտրամաբանական կլիներ ղեկավարել կարևորագույն նախարարություններից մեկը և չհստակեցնել ՀՀԿ-ի հետ իմ հարաբերությունները»,- նկատեց Սարգսյանը: