Շաբաթ երեկոյան Մոսկվայի արևելյան հատածի գիշերային ակումբներից մեկում ծեծկռտուքի ժամանակ հայ տղամարդու են դանակահարել: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով մայրաքաղաքի իրավապահ մարմինների աղբյուրին:
«Պարզվել է, որ գիշերային ակումբի երկրորդ հարկում վեճի և ծեծկռտուքի ընթացքում երկու անհայտ անձինք դանակի երկու հարված են հասցրել Մերձմոսկվայի 23-ամյա գործազուրկ բնակչի կրծքավանդակին, որը ստացած վնասվածքներից տեղում մահացել է»,- ասել է գործակալության զրուցակիցը:
ՌԴ ՆԳՆ մայրաքաղաքային բաժանմունքի մամլո ծառայությունը հաստատել է Ռուդնևկա փողոցի 19 հասցեում գտնվող ակումբում տեղի ունեցած սպանության փաստը: Փաստի առթիվ քննչական մարմինները «սպանություն» հոդվածով քրեական գործ են հարուցել:
Քննչական կոմիտեն հստակեցրել է, որ դեպքը տեղի է ունեցել մոտ ժամը 5:00-ին «Զեբր» առևտրի կենտրոնում:
«Հայտնաբերվել է Հայաստանի 22-ամյա քաղաքացու դի՝ մարմնի հատվածում կտրած-ծակած վերքերով»,- ասվում է մամլո հաղորդագրությունում: