Խորհրդային տարիներին պետական մրցանակի արժանացած, Երևանի այցեքարտերից մեկը համարվող «Դվին» հյուրանոցի շինարարությունն սկսվել է և կավարտվի մինչև 2019 թվականը:

 

«Դվին»-ը կենթարկվի ռեբրենդինգի՝ կանվանվի «Դավիթ Բեկ»: Վերակառուցումից հետո այն կլինի Հայաստանում և տարածաշրջանում նմանը չունեցող լյուքս դասի հյուրանոց:  

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հյուրանոցի սեփականատեր Արտակ Թովմասյանն ասաց, որ «Դվին» հյուրանոցը տալիս է մեծ հնարավորություն՝ ռեալիզացնելու ենթակառուցվածքային այնպիսի լուծումներ, ինչպիսիք չունեն գործող այլ հյուրանոցները:

 

Արտակ Թովմասյանի խոսքով՝ իրենք ունեն ընկերություններ, որոնք հետազոտություններ են կատարել այդ ոլորտում և ընդհանուր առմամբ՝ հյուրանոցային բիզնեսը Հայաստանում դրական է գնահատվել: Իսկ ինչ վերաբերում է գնային քաղաքականությանը՝ այն կորոշեն օպերատորները, այսինքն՝ պահանջարկը կենթադրի առաջարկը:

 

Հյուրանոցի հիմնական մրցակցային առավելությունը կայանալու է նրա կենտրոնական տեղակայվածության, մեծ հողային մակերեսի (1,814 հա.), մյուս հյուրանոցների համեմատությամբ՝ ստանդարտ սենյակների ավելի մեծ չափերի մեջ:

 

Բացի այդ, հյուրանոցային համալիրը ներառելու է բարձրակարգ ռեստորաններ, ակումբներ, խանութներ, բիզնես կենտրոն և կոնֆերանս կենտրոն, ՍՊԱ սրահ, լողավազան, Ֆիթնես կենտրոն, հանդիսությունների դահլիճներ և այլն: Հյուրանոցի տարածքում լինելու է նաեւ բարձրակարգ (VIP) խաղատուն:

 

Սեյսմակայունության տեսանկյունից «Դավիթ Բեկ»-ն ինչպիսի՞ շինություն կլինի հարցին՝ Արտակ Թովմասյանը պատասխանեց.

 

««Դվին»-ը կանգուն կմնա անգամ 9 բալ երկրաշաժի պարագայում»:

 

Նշենք, որ հյուրանոցային համալիրը ներառելու է նաև «Բնակելի բազմաֆունկցիոնալ համալիր» («Apartments Plaza»), որի վերևի հարկում նախատեսվում է ունենալ հարթակ՝ ուղղաթիռների համար:

 

Նելլի Ավետիսյան