Աժ-ում շարունակվում են քառօրյա նիստի աշխատանքները: Քննարկման է ներկայացվել ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:

 

Ելույթով հանդես եկավ ՀԱԿ խմբակության պատգամավոր Հրանտ Բագրատյանն, ով իր խոսքում մի քանի դիտողություններ ներկայացրեց:

 

«Սահմանադրությամբ՝ այն, ինչ կոչվում է Ազգային ժողով, այնտեղ հիմնական ինստիտուտը պատգամավորն է, ոչ թե Ազգային ժողովի ապարատը, նախագահը, տեղակալը»,- ասաց նա՝ շարունակելով, որ պատգամավորը պետք է ունենա խոսելու նույնքան իրավունք, որքան վարչապետը. «Ես չեմ հասկանում՝ 5 րոպեն ո՞րն է, բա պատգամավորին ընտրել են, մարդը պետք է կարողանա արտահայտվի, ինչի՞ եք սեղմում, որ սեղմում եք, էներգիան ուրիշ տեղ դուրս կգա։ Հոդված 61-ն ընդհանրապես չեմ հասկանում։ Ինչպե՞ս կարող է խմբակցության ղեկավարը լիազորագրի հիման վրա պատգամավորի տեղը քվեարկի։ Պատգամավորի տեղն ո՞վ կարա քվեարկի, ինչո՞ւ եք նման բանի գնում։ Կարծում եմ՝ մեծամասնությունն ուզում է՝ իրեն երաշխիքներ ստեղծի»,- հավելեց նա։

 

Նախագծի հարակից զեկուցող, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վահրամ Մկրտչյանն արձագանքեց, որ պատգամավորների ելույթների ժամանակահատվածը սահմանափակելու հետ կապված՝ նախագծի հեղինակները հիմնավորում են, որ 10 րոպեում մտքերը կրկնվում են, և ձգձգվում է նիստը, հետևաբար՝ առաջարկվել է 5 րոպե. «Արդեն Տիգրան Ուրիխանյանն առաջարկեց դարձնել 7, կարծես թե հեղինակները համաձայն են։ Ինչ վերաբերում է նրան, թե ինչո՞ւ պատգամավորը լիազորի խմբակցության ղեկավարին՝ իր փոխարեն քվեարկություն անելու հետ կապված, սա շատ կարևոր է, որ պատգամավորը, եթե հարգելի պատճառով է բացակայում, լիազորում է իր փոխարեն խմբակցության ղեկավարին, որ նա դա անի, բա ո՞ւմ լիազորի»,- ասաց նա։

 

Պարզաբանումները, սակայն, դուր չեկան Հ. Բագրատյանին, ով իր հերթին հայտարարեց, որ ԱԺ-ի հիմքը պատգամավորն է. «Իսկ դուք այստեղ բռնել եք՝ նրան անընդհատ նեղել եք, մինչդեռ այն ստից հարցերին՝ կառավարությանը՝ 30 րոպե, ներկայացուցչին՝ 40 րոպե, մյուսին՝ 1 ժամ։ Պատգամավորի խնդիրը խոսելն է, ի՞նչ 7 րոպե, պետք է 10 սարքել։ Ես ձեզ չեմ հասկանում, ժողովուրդն ընտրում է ձեզ, ինձ, ո՞նց կարող է մեկը մյուսին լիազորել քվեարկել։ Սրանից ես ուրիշ բանի հոտ եմ առնում»,- ասաց նա։

 

Վ. Մկրտչյանն էլ իր հերթին արդարացավ, թե ելույթների տևողության հարցը կքննարկվի: Ինչ վերաբերում է քվեարկության համար լիազորելուն, ապա նա հավաստիացրեց, որ պրակտիկա կա, որ պատգամավորը կարող է փակ ծրարով իր որոշումը հայտնել քարտուղարություն. «Մենք այդ որոշումը տալիս ենք խմբակցության ղեկավարին, որ նա իրացնի»,- եզրափակեց նա։