ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը կարծես համամիտ չէ այն տեսակետի հետ, թե Հայաստանում աղքատության մակարդակը բարձր է, բայց նա չի էլ հերքում, որ տրանսֆերտների կրճատմամբ՝ Հայաստանում տնտեսության աճի բացասական ազդակը մեծացել է:

«Եթե Ռուսաստանի տնտեսությունն անկում է ապրում, համաշխարհային տնտեսությունը՝ ևս, դա, բնականաբար, չի կարող Հայաստանի տնտեսության վրա չազդել»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարարը:

Նա մանրամասնեց, որ Հայաստանը ժամանակին ունեցել է տրանսֆերտների մուտք՝ երկու միլիարդ դոլարի չափով, իսկ այսօր այդ թիվը նվազել է՝ հասնելով մեկ միլիարդից էլ պակաս գումարի: «Այն ժամանակ այդ տրանսֆերտները հանրության մոտ տեղաբաշխվում էին, և բնականաբար, բարեկեցության մակարդակը մեծանում էր, բայց այսօր դա չի կարող հանրության վրա բացասական չանդրադառնալ»,- նկատեց նախարարը՝ հավելելով նաև, որ այդ ժամանակ պետությունը ևս սեփական եկամուտների ու ծախսերի հաշվին որոշակի չափով կարողացել է չեզոքացնել աղքատությունը: «Այս գործոնները չենք կարող հաշվի չառնել»,- ընդգծեց նա:

 

Դիտարկմանը, որ աղքատության աճը մասնավորապես աճել է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման օրոք, նախարարը չհամաձայնեց, նշելով, թե պետք է այդ ցուցանիշները դիտարկել հարաբերական գործոնների մակարդակում, այսինքն՝ որոնք են եղել այն գործոնները, որոնք նպաստել են տնտեսության կրճատմանը:

 

Պատասխանելով հարցին, թե կարելի՞ է ասել, որ տնտեսության դրական աճ է նկատվում, նախարարն ասաց. «Կարելի է ասել, որ դրական փոփոխություններ եղել են, բայց պետք է նաև համադրենք, թե որոնք են եղել այն բացասական ազդեցությունները, որի արդյունքում ինչ ենք ունեցել, և ինչ ունենք այսօր»,- ասաց նա:

 

Հակադարձմանը, որ հարևան պետությունների համեմատությամբ ևս Հայաստանում աղքատության մակարդակն ավելի բարձր է, նախարարն ավելացրեց.


«Հարևանության շրջանակներում դուք չեք գտնի մի հարևան, որ տրանֆերները եղել է ՀՆԱ-ի մեջ աավելի քան 18 տոկոսով: Հայաստանն այդպիսի տնտեսությամբ երկիր է եղել և միանգամից դրա կրճատմամբ՝ այսպիսի ազդեցություն ենք ունեցել»,- ասաց նա: