«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավար Անի Զախարյանին պատրաստվում են մեղադրանք առաջադրել՝ հուլիսյան դեպքերի օրերին Խորենացու փողոցում տեղի ունեցած բախումների ժամանակ սադրիչ գործողություններ հրահրելու հատկանիշներով:
Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին Խորենացի փողոցում մի խումբ քաղաքացիներ կոտրել էին ոստիկանական մեքենայի ետևի ապակին:
Այդ գործով Անի Զախարյանը անցնում է որպես վկա: Սակայն հինգ ոստիկաններ ցուցմունքներ են տալիս, թե վերջինս հայտարարել է՝ «կոտրե՛ք ոստիկանական մեքենաները»:
ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Անի Զախարյանը նշեց՝ չկա որևէ բան, որը կարող է ապացուցել, որ ինքը նման խոսքեր է ասել: Դա ոստիկանների կեղծ ցուցմունք է, այն էլ այնպիսի ոստիկանների, ովքեր անգամ օրենսդրությանը չեն տիրապետում: Եվ հիմա, նման անգրագետ անձինք` «տոլի», «ոնց որ», «այսպես ենք հիշում», ասում են իբրև թե ինքն է ասել՝ «կոտրե՛ք ոստիկանական մեքենաները»:
Այն հարցին՝ արդյո՞ք քաղաքական որևէ միտում չի տեսնում այս հարցում, Անի Զախարյանը պատասխանեց.
«Միանշանակ տեսնում եմ՝ տարբեր ձևաչափերով քաղբանտարկյալների շրջանակները գնալով ավելանում են, այդ գործով ես առայժմ որպես վկա եմ ներգրավված: Բայց, քանի որ վստահություն չունեմ իրավապահ մարմինների անաչառության նկատմամբ, բնականաբար գիտակցում եմ, որքան քաղաքական գործչի գործունեությունը լրջանում է, այնքան ավելանում են կոմպրոմատ որոնելու հնարավորությունները, առավել ևս, երբ նա ընդդիմադիր է, - ասաց կուսակցության նախագահը և հավելեց,- մտավախություն ունեմ, որ գուցե սրա հետևում ինչ-որ մարդիկ են կանգնած, ովքեր արհեստական ցանկանում են մեղադրանք ներկայացնել»:
Անի Զախարյանի խոսքով՝ մի տեսանյութ կա, որտեղ լսվում է կնոջ ձայն՝ այդ խոսքերով, եթե հաստատվի, որ իր ձայնն է, ապա իրեն կառաջադրվի մեղադրանք՝ զանգվածային անկարգություններ հրահրելու համար:
«Ես հանրայնացրեցի, որպեսզի հանրության և լրատվամիջոցների աչքերի առաջ ընթանա գործը, որպեսզի ծածկադմփոց կամ արհեստական որևէ բան ստեղծելու հնարավորություն չունենան, քանի որ, ճիշտ է, ես եղել եմ Խորենացի փողոցում, բայց նման արտահայտություն չեմ արել,- ասաց Անի Զախարյանը և հավելեց,- ոչ ոք չգիտի՝ ինչ ընթացքի մեջ են այն գործերի քննությունը, երբ մարդկանց մասսայական բերման ենթարկեցին, երբ որ նռնակներ նետեցին, 16 տարեկան պատանու աչքը հանեցին:»: