Բրիտանացի ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը կարծում է, որ եկել է «մեր մոլորակի համար ամենավտանգավոր ժամանակը»: Գիտնականի սյունակը՝ համապատասխան վերնագրով հրապարակել է The Guardian թերթը:
Հրապարակման մեջ ֆիզիկոսն ընթերցողների ուշադրությունն է հրավիրում ընտրախավերի, մասնավորապես, քաղաքական գործիչների, եւ միջին եւ աշխատավոր դասի միջեւ աճող խզման վրա: Նրա կարծիքով՝ արտադրության ռոբոտացումը, բարձր եկամուտներ ստանալու համար մարդկային մեծ ռեսուրսների անհրաժեշտության բացակայությունը անըմբռնողության են հանգեցնում հասարակության տարբեր խմբերի միջեւ:
«Համացանցը եւ պլատֆորմները, որոնք հնարավոր են դարձնում դա (տնտեսական անհավասարության արագացումը), ոչ մեծ խմբերի մարդկանց թույլ են տալիս վիթխարի շահույթ ստանալ շատ քիչ թվով մարդկանց աշխատանքի ընդունելիս: Դա անխուսափելի է, դա առաջընթաց է, բայց նաեւ սոցիալապես կործանիչ է»,- գրել Է գիտնականը:
Հոքինգի խոսքով՝ ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրությունների արդյունքները եւ Մեծ Բրիտանիայում Brerxit-ի օգտին քվեարկությունը դարձան այն բանի հետեւանքը, որ մարդկանց մի մասը չի ընդունում արդի հասարակության փոփոխությունները: