Կոռուպցիայի դեմ պայքարի համար անհրաժեշտ է փոխել միջավայրը: ՀԲԸՄ 110-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: «Կոռուպցիայի դեմ պայքարի մասին բոլորս խոսում ենք: Ես չգիտեմ մի վարչապետ կամ մի կառավարություն, որին հարցնեն «դու կոռուպցիայի դեմ պայքարելու ես, ինքն էլ ասի՝ չէ, չեմ պայքարելու», անտրամաբանական է: Ինչպե՞ս եմ ես պատկերացնում կոռուպցիայի դեմ պայքարը՝ արդյոք հակակոռուպցիոն մարմին ստեղծելով կոռուպցիան կվերանա՝ ոչ: Կոռուպցիան չի վերանա, եթե մենք միջավայրը չփոխենք: Միջավայրը փոխելու համար պետք է արդար դաշտ ապահովենք, կարգավորենք գնումների գործընթացը: Եթե կոռուպցիայի համար միջավայրը դարձնում ենք դժվար, ապա կոռուպցիայի դեմ պայքարը դա կլինի»,- նշեց կառավարության ղեկավարը:

 

Կարեն Կարապետյանի խոսքով՝ այսօր պետական ծառայողների վարձավճարներն այնպիսին են, որ լավ մասնագետներին ներգրավելը բավականին դժվար է: «Կառավարության անդամների մեջ կան այնպիսի մարդիկ, ովքեր լավ բիզնես կառավարիչներ են, և ես վստահ եմ նրանց մաքրության վրա: Վստահ եմ, որ իրենք պետական ատյանը չեն օգտագործելու իրենց բիզնեսի համար լոբբինգ անելու կամ պետական պաշտոնը չեն օգտագործի սեփական հարստացման համար: Ինձ պետք են մարդիկ, որ ժողովրդական լեզվով ասած «աչքը աջ ու ձախ չնետեն»: Մենք պետք է գանք այն իրավիճակին, որ պետական ծառայողի վարձավճարներ լինեն մոտիվացնող, դրանով նա կարողանա պահել իր ընտանիքը»,- ամփոփեց գործադիրի ղեկավարը: