Գեղարքունիքի մարզում Ռազմիկ Սայադյանը, Արեւիկ Հ.-ի տանը, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով՝ որ կսպանի, նրան փորձել է փախցնել: Մարտունիի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն, Ռազմիկ Սայադյանը Գավառ քաղաքի բնակչուհի Արեւիկ Հ.-ին ամուսնության նպատակով առեւանգելու համար գնացել է Գավառում գտնվող Արեւիկ Հ-ի բնակարան եւ նրանից պահանջել դուրս գալ տնից՝ հայտարարելով, որ եկել է նրան իր հետ տանելու նպատակով:

Արեւիկից մերժում ստանալով, Ռազմիկը մտել է նրա բնակարանին կից անասնագոմ եւ այնտեղից վերցնելով մետաղյա խողովակ, բռնություն գործադրելու սպառնալիքով ասել է, որ եթե աղջիկն իր հետ ինքնակամ չգնա, ապա նրա կամքին հակառակ կտանի իր հետ, հակառակ դեպքում կսպանի նրան: Դրանից հետո, տղան Արեւիկ Հ-ին բացահայտ առեւանգելու նպատակով, երկաթյա խողովակով կոտրել է բնակարանի խոհանոցի պատուհանի եւ մուտքի դռան ապակիները, ոտքով հարվածելով բացել է բնակարանի մուտքի դուռը մուտք գործել նրանց բնակարանի միջանցք:

Արեւիկ Հ-ն եւ նրա մայրը պաշտպանվելու նպատակով մտել են բնակարանի հյուրասենյակ եւ փակել դուռը, այդ ընթացքում կատարվածի մասին ահազանգել են ոստիկանության Գավառի բաժին: Այդ ժամանակ Ռազմիկ Սայադյանը հյուրասենյակի դռանը հարվածելով, փորձել է մուտք գործել բնակարանի հյուրասենյակ, որպեսզի առեւանգի Արեւիկին, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում չի կարողացել հանցագործությունը ավարտին հասցնել, քանի որ դեպքի վայր են հասել ոստիկանները:

Վերջիններս Ռազմիկ Սայադյանին բերման են ենթարկել ոստիկանության Գավառի բաժին: Ռազմիկ Սայադյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ 147-րդ հոդվածի 2-րդ մասով: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: