ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Օլիվյե Բուրկիին:
Հանդիպման սկզբում վերահաստատելով ՇԶՀԳ պատրաստակամությունը շարունակել բազմակողմ համագործակցությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ' պարոն Բուրկին նշել է, որ Գործակալության հիմնական նպատակներն են խթանել Հայաստանում ձեռնարկատիրական գործունեությունը' աջակցելով փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներին, նպաստել երկրում արժեշղթաների զարգացմանը և շուկաների հասանելիության ապահովմանը:
Ներկայացնելով հանրապետության մի շարք մարզերում' մասնավորապես Սյունիքում Գործակալության կողմից իրականացվող ծրագրերի բարեհաջող ու արդյունավետ ընթացքը' Օլիվյե Բուրկին ընդգծել է շվեյցարական կողմի նպատակադրությունն ընդլայնել ծրագրերի շրջանակները:
Նա նաև շեշտել է, որ ՇԶՀԳ-ն հետաքրքրված է առևտրի և գյուղատնտեսության ոլորտներում Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերությունների ընդարձակմամբ և ամրապնդմամբ:
Նշելով, որ կենդանիների հաշվառումն ու համարակալումն այսօր ոլորտի առաջնահերթ խնդիրներից է, որի լուծումը կարևորվում է հատկապես սննդամթերքի անվտանգության ապահովման տեսանկյունից' ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն առաջարկել է այս խնդրի շուրջ կազմակերպել համատեղ քննարկում բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:
Անդրադարձ է կատարվել նաև ՇԶՀԳ աջակցությամբ Հայաստանում իրականացվող նախաձեռնություններին, այդ թվում' Սյունիքի և Վայոց ձորի մարզերի 100 գյուղական համայնքներում իրականացվող «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում 2014-2020թթ.», «Շուկաներ Մեղրիի համար» ծրագրերին, ինչպես նաև քննարկվել են գյուղատնտեսության ոլորտին առնչվող այլ հարցեր:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին