Գիշերը Գյումրիի կենտրոնական այգում դանակահարություն է տեղի ունեցել: Տղաների միջև ծագած վիճաբանությունն ավարտվել է մարմնական վնասվածքներով: Դանակահարվել է 1995 թվականին ծնված գյումրեցի երիտասարդ:
ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանը նշեց, որ դեպքը տեղի է ունեցել գիշերը: «Դեպքի առնչությամբ նախապատրաստվում են նյութեր»: Դատախազի հաղորդմամբ՝ տուժողի կյանքին վտանգ չի սպառնում: Դեպքի վերաբերյալ դատախազն այլ մանրամասներ չհաղորդեց:
Գյումրի բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունից տեղեկացանք, որ երիտասարդի մոտ ախտորոշվել է աջ ազդրի վերին շրջանի կտրած-ծակած վերքեր, աջ ձեռքի մատների կտրված վերքեր, ջլերի վնասումներ և դեմքի շրջանի սալջարդ վերքեր: Նա գտնվում է բժիշկների հսկողության տակ:
ԼՈՒՐԵՐ.com-ի տեղեկություններով՝ երիտասարդները վիճել են աղջկա պատճառով: