«Ինչ արել ենք, նույն գործով էլ շարունակում ենք զբաղվել՝ նույն քննադատությունը, չարաշահումների բացահայտումը»,-ԱԺ ճեպազրույցների ժամանակ այս մասին հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով ՀԱԿ-ի հասցեին հնչող քննադատություններին:
Լևոն Զուրաբյանն ընդգծեց, որ կան նաև որոշակի անակնալ-ուղերձներ, որոնք պատրաստել են դեկտեմբերի 17-ին կայանալիք համագումարի համար։
«Կարեն Կարապետյանը հայտարարում է, թե ՀՀ-ում չկա մենաշնորհ, մենք էլ ասում ենք, որ ՀՀ-ում չկա Կարեն Կարապետյանի կառավարությունը, կհավատա՞ք, չեք հավատա, չէ՞, բա ո՞նց մենք նրա տրյուկներին հավատանք»,-ասաց նա:
Ըստ Զուրաբյանի՝ այսօր իշխող ուժը որոշակի փոփոխությունների է գնում մեկ նպատակով, որ դրական զգացումներ ստեղծեն սոցիալական դժգոհություն ունեցող բնակչության մոտ, հետո անցնեն «ավանդական գործին», կհաջողվի դա, թե ոչ՝ ցույց կտա ժամանակը: