այաստանում, ուր քաղաքականությունը վաղուց վերածվել է այս կամ այն անհատի նեղ անձնական շահերին ծառայեցվող երևույթի, ուր գոյություն չունի գեթ մեկ քաղաքական ուժ` իշխանական, թե ընդդիմադիր, որը ժողովրդի շրջանում ունակ լինի` ասոցացվելու պոզիտիվի հետ, և որի հասարակությունը օբյեկտիվորեն հիասթափված է բոլոր շինծու քաղաքական գործիչներից, վաղուց բնական պահանջ է առաջացել մի այնպիսի գործչի, ով կլինի ոչ թե, պարզապես, կեղծ ու դատարկ խոստումներ հնչեցնող, իսկ այնուհետև դրանք հեշտորեն մոռացության տվող մեկն, այլ` գործի մարդ, ով քաղաքական շոուների փոխարեն կնախընտրի ռեալ գործն ու չի վարանի անել քայլեր, որոնցում արտահայտված կլինեն ոչ թե նեղ անձնական նկրտումներն, այլ հասարակության ամենալայն շերտերի կենսական պետքերը: Այլ կերպ ասած` մարդիկ փնտրում են մեկին, ով զերծ կլինի մեզանում արդեն դասական դարձած քաղաքական գործչի վատթար հատկանիշներից:


Ցավալի է, բայց փաստ, որ Գագիկ Ծառուկյանի` այլևս անխուսափելի դարձած վերադարձի թեման այդպես էլ հանգիստ չի տալիս որոշ քաղաքական գործիչների, ովքեր, ըստ էության, ելնելով սեփական անձնական փորձառությունից, ամեն կերպ ջանում են սպասվելիք իրադարձությանը տալ այլևայլ, մտացածին երանգներ`հանիրավի լուրեր տարածելով, թե իբր  Ծառուկյանը գնում է քաղաքական ակտիվացման` անսալով որոշ քաղաքական գործիչների հորդորներին: Այս կերպ սրանք ամեն գնով ջանում են կանխել այն վերահաս քաղաքական ֆիասկոն, որին ենթարկվելու են Ծառուկյանի՝ ակտիվ քաղաքականություն վերադարձով:


Այն, որ Ծառուկյանի ակտիվացումը վաղուց արդեն կենսական անհրաժեշտության է վերածվել մեզանում, ներկայումս կասկած չի հարուցում և որևէ մեկի համար. մարդն իր առաջ խնդիր է դրել ոչ թե ինքնահաստատվելու, այլոց հաշվին կամ խորհրդով այս արևի տակ սեփական տեղը գտնելու, այլ՝ իրական ու յուրաքանչյուրի համար միանգամայն շոշափելի փոփոխություններ բերելու, ինչն էլ ընկած է լինելու նրա առաջիկա քաղաքական ակտիվության հիմքում. ակնհայտ է, չէ՞, որ մեկն, ում անունը ողջ աշխարհով է թնդում, ում բարեգործություններին ու հայանպաստ ձեռնարկներին, պատկերավոր ասած, չափ ու սահման չկա, չի կարող վերադառնալ ակտիվ քաղաքականություն՝ ասենք հեռուստատեսությամբ հաճախակի երևալու մղումից ելնելով կամ որևիցե մեկի խորհրդից դրդված. միակ նպատակը, որ Ծառուկյանը հետապնդում է՝ մտնելով ծանր պատասխանատվության տակ, Հայաստանում օրհասական դարձած խնդիրների վերջնական լուծմանը հասնելն է, «սայլը տեղից շարժելն» ու Հայաստանը զարգացման հունի մեջ դնելը:


Իսկ որ Ծառուկյանը դա իրապես կարող է անել, կարծում ենք, որևէ մեկը չի կասկածում. դրանում համոզվելու համար բավական է ընդամենը ֆիքսել այն, ինչ նա արել ու անում է՝ որպես սեփական գործունեության «թիրախ» ունենալով ոչ միայն Հայաստանն, այլև, որ մեզանում բացառիկ երևույթ է, ողջ հայությանը՝ Արցախն ու սփյուռքը ներառյալ: Սկսած մերձավորարևելյան տարածաշրջանից մինչև Արցախ, Արևմուտքից Արևելք ազգային մեծ բարերարի գործունեության բարի պտուղներն ավելի քան ակնառու են, ավելի քան առատ. Ծառուկյանն, ըստ էության, հայ իրականության պայմաններում միակն է, ում գործունեությունը, կարելի է ասել, համաշխարհային բնույթ է կրում. այնտեղ է, ուր գեթ մեկ հայ է բնակվում, իր օժանդակությունն է բերում նրանց, ովքեր իրերի բերումով հայտնվել են դժվարությունների մեջ ոչ միայն Հայաստանում, այլև՝ Արցախում, սփյուռքում:


Այնպես որ՝ բոլոր նրանց, ովքեր հակված են աշխարհն ու մարդկանց չափել սեփական արշինով ու սեփական քթից այն կողմ ոչինչ չտեսնել`Գագիկ Ծառուկյանի առաջիկա ակտիվացումը համարելով այս կամ այն քաղաքական գործչի`կողքից տրվող խորհրդի արդյունք, կհորդորեինք լայն բանալ աչքերն ու մեկընդմիշտ հասկանալ՝ աշխարհը շատ ավելի լայն է ու ընդարձակ. աշխարհի ու մարդկանց մասին պատկերացում կազմելիս ու դրանցով կիսվելիս հարկավոր է շատ ավելի լայնախոհ լինել, քան նրանք են, որոնց համար Ծառուկյանի վերադարձը կարող է վերջակետ դառնալ վայ քաղաքական կարիերայի…

 

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ