ԱԺ պաշտպանության Ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովն այսօր խորհրդարանական լսումներ էր հրավիրել «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու թեմայով: Նախագծով առաջարկում է ռազմաբժշկական բնույթի ռազմաուսումնական հաստատություններում սովորող զինծառայողների համար պարտադիր զինվորական ծառայության ժամկետում ներառել նաև ինտերնատուրայում ուսումնառության ժամկետը, և նրանց սկզբնական սպայական կոչում շնորհել ինտերնատուրան ավարտելուց հետո։

 

Քննարկման ժամանակ պատգամավոր Առաքել Մովսիսյանը նախագծի վերաբերյալ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանին հայտնեց իր մտահոգությունները և հավելեց, որ ինքը խիստ մտահոգված է ուսանողների որակյալ կրթությամբ: Պատգամավորի խոսքով՝ ուսանողները պետք է ունենան համապատասխան որակավորում բանակում իրենց գործը կյանքի կոչելու համար։

 

«Պետք է ամեն ինչ անել, որ աչքի տեղը ունքը չհանեն»,- նշեց պատգամավորը։

 

Արա Նազարյանն էլ իր հերթին արձագանքեց, որ նախագծով սպայական կոչումը զորակոչիկին կշնորհվի միայն ինտերնատուրան ավարտելուց հետո, իսկ եթե ուսանողը ձախողի քննությունը, ապա կզորակոչվի որպես շարքային։

 

«Ինձ թվում է՝ պետք է շատ խիստ նայենք այդ հարցին։ Որևէ մեկին զիջում չպիտի լինի։ Այստեղ հարուստի, թե քյասիբի հարցն է առաջ քաշվում։ Դրսից եկող խոսակցությունները դրանք են։ Մենք էլ պատասխան չենք կարողանում տալ դրանց», - ասաց պատգամավորն՝ առաջարկելով, որպեսզի նոր զորակոչի ժամանակ բանակ զորակոչվեն նաև հարուստների երեխաները։

 

«Թազա պրիզիվներից թող օրինակ ծառայեն քյասիբների համար, որ տեսնեն իրենց հետ հարուստների երեխեք էլ են ծառայում», - ասաց նա։