Այսօր Արտաշատի բժշկական կենտրոնում գրանցվել է հերթական նորածնի մահը: Այս տեղեկությունը ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, այլ մանրամասներ չհաղորդելով:

 

Ի դեպ, նշենք, որ Արտաշատի բժշկական կենտրոնից տեղեկությունը չհաստատեցին, պնդելով, թե ոչնչով չեն կարող օգնել:

 

ՀՀ առողջապահության նախարարի մամլո խոսնակ Անահիտ Հայթայանն էլ մեզ հետ զրույցում նշեց, թե իրենք ևս այդ մասին տեղեկացել են մամուլից և առայժմ մանրամասներին չեն տիրապետում: Նա հավելեց նաև, որ նորածինների մահացության դեպքերի մասին առողջապահության նախարարությանը տեղեկացնում են՝ հաշվետվության տեսքով. «Չկա ընթացակարգ, որով մեզ պետք է անմիջապես տեղյակ պահեն, փոխարենը մեզ անմիջապես հայտնում են մայրական մահացությունների դեպքերի մասին: Կարգն է այդպիսին: Նման դեպքերը պահանջում են հատուկ հետազոտություն և մինչև դիահերձում տեղի չունենա, մենք հետևություններ անել չենք կարող, իսկ այս դեպքում մենք առայմ ոչինչ ասել չենք կարող»,- ասաց խոսնակը:

 

Հիշեցնենք, որ մամուլում լուրեր են շրջանառվում, որ այսօր՝ դեկտեմբերի 12-ին, Արտաշատի բժշկական կենտրոնում Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակչուհի Հասմիկ Սուքիասյանը լույս աշխարհ է բերել աղջիկ, որը մահացած է ծնվել: