«Նաիրիտ» գործարանի մոտ 260 աշխատակից արդեն 4-րդ ամիսն է՝ աշխատավարձ չի ստացել: Աշխատակիցները դուրս են եկել պայքարի, փողոցներ են փակում, Կառավարության դիմաց հավաքվում, պահանջում իրենց աշխատավարձերը: Այսօր էլ բացառություն չէ: Չնայած եղանակային վատ պայմաններին, աշխատակիցները կրկին հավաքվել են գործարանում, միգուցե երթով գնան դեպի Կառավարություն: 

 

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում գործարանի աշխատակիցները դժգոհում են՝ «4 ամսվա աշխատավարձ չենք ստացել՝ հերիք չէ, զարթնեցինք-տեսանք՝ գործարանը սնանկ է»: Նրանք նշեցին, որ աշխատավարձերի պարտքը մեկ ամսվա համար կազմում է 41 մլն դրամ, իսկ 4 ամսվաաշխատավարձը միասին՝ 164 մլն դրամ: 


Գործարանի աշխատակիցների հետ զրույցներում մեզ ուշագրավ տեղեկություն հայտնի դարձավ: Տնօրեն Ռուբեն Սաղաթելյանը՝ մոտ մեկ ամիս առաջ, աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ, նաիրիտցիների խոսքով, ամպագորգոռ հայտարարել էր, որ մոտակա օրերին վարչապետ Կարեն Կարապետյանը կասի, թե երբ կվճարեն աշխատավարձերը: Նաիրիտցիները, բնականաբար, չեն հավատում այդ խոստումներին, քանի որ 4 ամիս է՝ լսում են՝ «մի 15 օրից կլինի, մի քանի օրից կվճարվի» և նմանատիպ այլ խոստումներ: 

 

Անգամ գործարանի տնօրենի կարճաժամկետ փոփոխություն տեղի ունեցավ, որի ժամանակ էլ Սաղաթելյանը նմանատիպ խոստումներ էր շռայլում աշխատակիցներին: Բայց փաստը մնում է փաստ՝ աշխատակիցները չեն հավատում ո՛չ տնօրենին, ո՛չ Կառավարությանը, ո՛չ վարչապետին: Նրանց միակ պահանջը աշխատավարձերի վճարումն է: Որոշ աշխատակիցներ արդեն աշխատանքից դուրս գալու որոշում են կայացրել: 

 

Ի դեպ՝ վաղը, Կառավարության նիստին զուգահեռ, նաիրիտցիները կրկին հավաքվելու են՝ պահանջելու գործարանի վերագործարկում և չվճարված աշխատավարձերի վճարում: 

 

Քրիստինա Աղալարյան