Դեկտեմբերի 16-ին նշվում է համայն աշխարհի եզդիների սուրբ Զատիկը, որը նվիրված է Սուլթան Եզիդին: Նա Աստծո փոխանորդն է երկրի վրա, ով Աստծո կողմից առաքվել է երկիր՝ իր ազգին առաջնորդելու: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Երիտասարդ եզդիներ» ՀԿ նախագահ Սաիդ Ավդալյանը:
Տոնին նախորդում է ծոմը՝ 3 օր: Եզդիական կրոնական ավանդույթների համաձայն՝ ծոմից ազատվում են մանկահասակ երեխաները, նորամուսնական զույգերը, հղի կանայք, հիվանդ և տարեց մարդիկ: Եզդիներն արթնանում են ուշ գիշերին և սնվում նախքան արևածագը, այնուհետև նորից՝ նախքան արևածագը պետք է քնել, որպեսզի ծոմը համարվի ընդունելի: Արևածագից մինչև մայրամուտ՝ արգելվում է սնվելը:
Այս տարի դեկտեմբերի 15-ի երեկոյան եզդիները կայցելեն իրենց հոգևորականների օջախները՝ ստանալու այդ օջախների սուրբ օրհնությունը: Բուն տոնը կնշվի դեկտեմբերի 16-ին, յուրաքանչյուր եզդի ընտանիք իր տանը տարբեր համադամ ուտելիքներով և քաղցրավենիքներով սեղան կպատրաստի՝ դիմավորելու հարգարժան հյուրին՝ սուլթան Եզիդին: Եզդիները հավատում են, որ նա այդ օրն այցելելու է իր հավատացյալ հոտին և տալու է իր օրհհնությունը:
Աշխարհի բոլոր եզդիները, ինչպես նաև եզդիների գլխավոր սրբավայր Լալըշը, հենց այս օրն են տոնում սուրբ Զատիկը:
Օգտվելով առիթից, Սաիդ Ավդալյանը շնորհավորեց աշխարհի բոլոր եզդիներին՝ սուրբ Զատիկի կապակցությամբ: