Ադրբեջանական SOCAR ընկերությանը պատկանող նավթագազային հանքավայրում ուժեղ քամու հետևանքով փլուզվել է 150 մետր երկարություն ունեցող էստակադան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական Contact.az-ը, էստակադայի հետ փլուզվել են նաև դրա վրա տեղակայված հարթակը և նավթագործների բնակվելու համար նախատեսված խուցը: Կատարվածի հետևանքով անհետ կորել է տասը մարդ:

Դեպքի վայր ժամանած փրկարար ծառայություններն իրականացնում են որոնողական աշխատանքներ: Նավթագործների իրավունքների պաշտպանության կոմիտեի ղեկավար Միրվարի Գահրամանլըն ադրբեջանական «Թուրան» գործակալությանը հայտնել է, որ գտնվել է նավթագործներից մեկի դին: Նա որպես փլուզման պատճառ է նշել մաշված սարքավորումների օգտագործումը և ծովում աշխատողների պաշտպանության համար անհրաժեշտ միջոցների բացակայությունը: Չնայած բազմաթիվ ողբերգությունների' SOCAR-ի ղեկավարությունը և կառավարությունը անհրաժեշտ քայլեր չեն ձեռնարկում անվտանգությունն ուժեղացնելու ուղղությամբ:

Նավթագործներից որևէ մեկին ողջ գտնելու հույսերը քիչ են, քանի որ սառցակալած ջրում մի քանի ժամից ավելի մնալն անհնարին է:

Նախորդ տարի Կասպից ծովի տարբեր նավթային հարթակների վրա մի քանի դժբախտ դեպքեր էին տեղի ունեցել: Դրանցից խոշորագույնը գրանցվել էր 2015 թվականի դեկտեմբերի 4-ին: Ադրբեջանում նավթի ծովային արդյունահանման պատմության մեջ այդ ամենախոշոր ողբերգության հետևանքով զոհվել էր ավելի քան 30 մարդ: Նրանցից շատերի դիերը այդպես էլ հնարավոր չի եղել գտնել: