«Ապօրինի հարստացումը քրեականացնող» օրինագիծը կկիրառվի այն քաղաքական գործիչների նկատմամբ, ովքեր կփորձեն դեմ գնալ գործող իշխանություններին: Այսինքն` այս օրինագիծը իշխանությունների կողմից կկիրառվի ըստ ցանկության և ընտրովի. ում պետք է` կպատժեն, ում պետք չէ` չեն պատժի»,- ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ խոսելով խորհրդարանում քննարկված և արդեն իսկ ընդունված «Ապօրինի հարստացումը քրեականացնող» օրինագծի մասին:

«Օրինագիծը վտանգավոր է, քանի որ այն ճիպոտի քաղաքականություն վարելու համար է. այսինքն՝ իշխանությունները, եթե որևէ մի քաղաքական գործչի նկատմամբ ցանկանան ճնշումներ գործադրել, ապա կարող են այս օրինագիծը հանգիստ կիրառել: Ես չեմ հավատում, որ այս օրենքով իշխանություններն իրենց միջից որևիցե մեկին մեղադրեն և պատիժ սահմանեն: Շատ ուրախ կլինեմ, որ ընդդիմությունը պայքարի այս օրինագծի դեմ»,- ասաց քաղաքագետը:

Օրենքը հիանալի հնարավորություն է ստեղծում ոչ միայն մինչև այժմ ապօրինի հարստացած պաշտոնյաների, այլև օլիգարխների համար, որոնք առանց պատասխանատվություն կրելու՝ կարող են պահպանել իրենց փողերը: 

Օրենքը հետադարձ ուժ չունի, փաստորեն՝ «չի կիրառվելու այն անձանց նկատմամբ, ովքեր անկախության առաջին տարիներից՝ չգիտես ինչ ձևով, հարստացել են: Նրանց դեմ չի կիրառվում, այստեղից արդեն անարդարության հոտ է գալիս»:

Նշենք՝ օրենքը կարճ ձևակերպմամբ հետևյալն է. այն պաշտոնյաները, որոնք օրենքն ուժի մեջ մտնելուց հետո իրենց հայտարարագրում օրինական եկամուտներից զատ կունենան ավել գումար և չեն կարողանա ապացուցել, թե որտեղից է այդ գումարը, կենթարկվեն պատասխանատվության՝ պաշտոնից ազատվելուց մինչև ազատազրկում: Սահմանվել է նաև շեմ. մինչև 5 մլն դրամ ապօրինի եկամտի դեպքում այլ պատասխանատվություն, 5 մլն դրամից ավելիի դեպքում՝ այլ:

Սոնա Հարությունյան