Երեկ՝ դեկտեմբերի 15-ին, ԱԺ արտահերթ նիստի ժամանակ, ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը՝ «Թունելի Հակոբը», օրինագծերից մեկը ներկայացնելու ժամանակ պատգամավորներին հորդորեց օրենքը հավանության արժանացնել, ասելով, որ եթե նույնիսկ ինքը հաջորդ խորհրդարանի կազմում չընդգրկվի, ուզում է՝ այդ օրինագիծն ընդունվի:

 

Նիստը վարող Էդուարդ Շարմազանովն այս հայտարարությանն արձագանքեց, որ իրենց բոլորն էլ պետք են, այդ թվում նաև՝ Հակոբ Հակոբյանը և Թևան Պողոսյանը, ով հայտարարել էր, որ հաջորդ խորհրդարանական ընտրություններին չի մասնակցելու:

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը պատգամավոր Թևան Պողոսյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ էր ակնարկում փոխխոսնակ Շարմազանովը և հնարավո՞ր է, որ նա վերանայի իր որոշումը, և, այնուամենայնիվ, մասնակցի գալիք ընտրություններին, որին ի պատասխան՝ պատագմավորը նշեց, որ իր որոշումն առայժմ փոփոխության ենթակա չէ:

 

«Ինձ թվում է՝ դահլիճում՝ հատկապես ընդդիմության շարքերում, Շարմազանովը բացի ինձանից այլ մարդ չի տեսել, դրա համար էլ իմ անունն է նշել. դահլիճում ոչ մեկ չկար: Նա փորձեց ակնարկել, որ կցանկանա բոլորին նորից տեսնել, ու դա արեց հումորով: Ինչ վերաբերում է իմ տեսակետին՝ առայժմ այն մնում է անփոփոխ»,-ասաց նա:

 

Մեր ճշտող հարցին՝ հնարավո՞ր է, որ դուք ևս դաշինք կազմեք այս կամ այն քաղաքական ուժի հետ, կամ ընդգրկվեք այս անգամ ՀՀԿ ցուցակում, Թևան Պողոսյանն արձագանքեց, որ առայժմ այդպիսի մտադրություններ չունի և հավելեց, որ ինքն այս պահին էլ պատգամավոր է և իր պատգամավորական գործունեությունն է շարունակում: «Երբ որ իմ պարտականությունները կդադարեցվեն, ես կմտածեմ այդ մասին: Եթե կլինի մի տեսլական, որը կլինի ինձ նաև հոգեհարազատ, իսկ ծրագիրը՝ ձգող և հետաքրքիր, այդ ժամանակ էլ կմտածեմ: Ինձ թվում է՝ ժամանակն է, որ ընտրությունները պայմանավորված լինեն ոչ միայն անձերով, այլև՝ ծրագրերով: Եթե կլինի այդպիսի ուժ, կամ քաղաքական միավորում, այդ ժամանակ էլ իմ որոշումը կկայացնեմ: Բացի դրանից, այդ քաղաքական ուժերն իրենք ևս պետք է որոշեն՝ ինձ հետ ընտրություններին մասնակցել ուզո՞ւմ են, թե՞ ոչ: Իսկ այսօր իմ միակ ցանկությունն ու նպատակն է՝ վերադառնալ իմ հին աշխատանքին, իմ հին թիմ և իմ աշխատանքը շարունակել այնտեղ. գրել վերլուծություններ ու զբաղվել այդ գործով»,- ասաց նա:

 

Պնդմանը՝ այսինքն՝ դուք չե՞ք ուզում լինել հաջորդ Խորհրդարանում, պատգամավորն ավելացրեց. «Առայժմ այդպիսի ցանկություն չկա»:

 

Արմինե Եփրեմյան