«Ես կարծում եմ՝ Գագիկ Ծառուկյանը պահանջված է հասարակության կողմից, և նրա վերադարձն անհրաժեշտ է: Ի վերջո՝ քաղաքական ուժերը հասարակության պահանջով են այս կամ այն գործընթացին մասնակցում և այդ պահանջի չափով տեսնում են իրենց հնարավորությունները գալիք խորհրդարանական ընտրություններում»‚- ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում խոսելով Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն հնարավոր վերադարձի մասին՝ ասաց ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:
Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականությունից դուրս գալուն, ՀԱԿ պատգամավորը նշեց‚ որ նրա գնալուց հետո քաղաքական դաշտն ամայացավ և որևէ քաղաքական ուժ կամ լիդեր չկարողացավ լրացնել այդ բացը:
Հարցին՝ ինչպես եք վերաբերում Գագիկ Ծառուկյանի գործունեությանը թե՛ քաղաքական‚ մարզական կյանքում‚ և թե՛ որպես գործարար՝ Լյուդմիլա Սարգսյանը պատասխանեց.
«Նա մի մարդ է‚ ով բոլոր ոլորտներում ներկա է և աջակցություն է ցուցաբերում բոլոր այն հատվածներում, որտեղ կարիք և պահանջ կա: Նա մի մարդ է Հայաստանում‚ որի նկատմամբ վերաբերմունքը շատ դրական է թե՛ որպես մարդ‚ թե՛ որպես գործարար‚ թե՛ որպես քաղաքական գործիչ: Նա միշտ իր մեծության վրա է»:
Լյուդմիլա Սարգսյանի կարծիքով՝ բարեգործությունները շատ կարևոր են հատկապես հայաստանյան պայմաններում, որտեղ ոչ մշակույթը‚ ոչ սպորտը պետական աջակություն չեն ստանում և տեսանելի չեն գործարարների կողմից‚ բացառությամբ՝ Գագիկ Ծառուկյանի:
«Եթե Հայաստանում նրա նման մի քանի հոգի լիներ‚ բոլոր ոլորտները մեծ բարձունքի վրա կլինեին‚ քանի որ նա չի խնայում իր միջոցներն՝ այդ ոլորտներին աջակցելու համար: Նա պետք է վերադառնա, և այդ վերադարձը մենք պետք է ողջունենք»‚- իր խոսքը եզրափակեց Լյուդմիլա Սարգսյանը:
Սոնա Հարությունյան