«ՊՊԾ գնդի գրավումը, իհարկե, մարտահրավեր էր պետականությանը, հասարակական ու քաղաքական տարբեր կառույցներին, որն ընդգծեց, որ Հայաստանի ներսում ուժով, բռունցքով և զենքով լուծվելիք խնդիր չկա: Այդ ճանապարհը փակուղային է»,- տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀԿ կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

 

Անդրադառնալով ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի հայտարարությանը՝ նա նախ ընդգծեց, որ մամուլը երկար «եփեց» այս գործընթացը և այն որպես անակնկալ դիտարկել պետք չէր, ապա հավելեց. «Ցանկացած պարագայում, ունենալով հարգանք՝ գեներալի անցած ռազմական և մարտական ճանապարհի հանդեպ, ունենալով նաև մարդկային հարաբերությունների ջերմ պաշար, այնուամենայնիվ, պետք է կրկնել այստեղ մի հայտնի ասացվածք, որն ասում է՝ Պլատոնն իմ ընկերն է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է: Կարծում եմ՝ քաղաքական գործընթացներում այդ ճշմարտությունը որոնելու պրոցեսի մեջ ներգրավվելու սահմանադրական իրավունք ունեն ՀՀ բոլոր քաղաքացիները, այդ թվում՝ նաև նախկին պաշտոնյաները: Բայց պետք է մի բան փաստեմ՝ ՀՀ քաղաքական կյանքում միշտ փորձում են դիրքավորվել նախկին պաշտոնյաներ, նախկին վարչապետներ, նախկին նախագահներ, նախկին Պնախարարներ: Ի դեպ, Սեյրան Օհանյանն առաջինը չէ»,- ասաց նա:

 

Աշոտյանի խոսքով՝ այսօր քաղաքականությունը ձգում է նախկին պաշտոնյաներին, սակայն կյանքը ցույց է տալիս, որ նրանք չեն կարող արձանագրել շատ մեծ արդյունքներ. «Բայց ինչ-որ մի տեղ՝ քաղաքական արևի տակ կարողանում են զբաղեցնել՝ ունենալով որոշակի քաղաքական ծրագիր ու ամբիցիաներ»,- նկատեց նա:

 

Ինչ վերաբերում է երեկ Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանությանն, ապա կուսակցության փոխնախագահն արձագանքեց, որ հայկական սեգմենտն ադեկվատ չէր: «Մի բան պարզ էր՝ ո՛չ ռուս-թուրքական բախումներից, ո՛չ էլ ալյանսներից Հայաստանը երբեք չի շահել: Ալյանսները, բախումներն ընթացիկ են, երբ ոչ մի բան կաղապարված չէ: Եթե Իրանի շուրջ ձեռք բերվեց քաղաքական կոնսենսուս, եթե քաղաքական գործընթացները գնացին նրան, որ ռուսական ինքնաթիռի խոցումից հետո կրկին գնաց ռուս-թուրքական համագործակցության ձևաչափ, ապա ինձ համար երեկ ակնհայտ էր, որ մենք շտապում ենք: Մեր մեկնաբանները շտապում են»,- ասաց Արմեն Աշոտյանը: