Հայաստանի Հանրապետության ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը հաջորդ տարում պատրաստվում է կրթության ոլորտում առկա մի շարք խնդիրներ լուծել: «Մենք չենք կարողանում դպրոցական կառավարման համակարգում արմատական փոփոխություննր իրականացնել: Կարևորում եմ հատկապես դասագրքերի որակի հիմնախնդիրը: Տպավորություն է, որ մենք դասագրքեր ենք ստեղծում միայն գերազանց սովորող երեխաների համար, սակայն դրանք պետք է ծառայեն նաև միջին ունակություններ ունեցող աշակերտներին»,- նշեց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:
Նրա խոսքով' ուսուցիչների վերապատրաստումների հիմնախնդիրը պակաս կարևոր չէ: «Հիմնականում վերապատրաստվում են նույն բնագավառի մասնագետները, ինչը կրթական ոլորտում անկման է հանգեցնում: Պետք է լուրջ մշակել այդ քաղաքականությունը և անդրադառնալ բոլոր ուղղություններին, ինչը բարեփոխման կբերի»,-շեշտեց Մկրտչյանը:
Անդրադառնալով քոլեջների հիմնահարցերին՝ նա նշեց, որ ընդունելի չէ, որ գյուղատնտեսական ուղղվածություն ունեցող քոլեջում հանկարծ բժիշկներ են մասնագիտանում:
«Բարձրագույն կրթության բնագավառում հիմնական խնդիրը մեկուսացվածությունն է, համալսարանների և մասնավոր կրթահամալիրների որակի անկումը»,-ասաց Լևոն Մկրտչյանը: