ԼՈՒՐԵՐ.com-ի զրուցակիցն է տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը: 

 

-Պարոն Առաքելյան, որպես տնտեսագետ՝ կգնահատե՞ք Հայաստանի տնտեսության ներկա վիճակը և Կառավարության փոփոխության ազդեցությունը դրա վրա:


-Այն, որ վերջին տարիներին Հայաստանի տնտեսությունում առկա են բավական լուրջ խնդիրներ, կարծում եմ՝ բոլորին է հայտնի: Կառավարության փոփոխությունը հասարակության որոշ հատվածի մոտ դրական սպասելիքներ առաջացրեց: Կառավարության 100 օրը լրացավ և ակնհայտ դարձավ, որ այս 100 օրվա գործունեությունը և այն սկզբունքները, որոնք որդեգրվել են Կառավարության կողմից, լուրջ հաջողությունների չեն հասցնի: Առկա խնդիրներն այս կառավարությունը ևս արձանագրում է, բայց նման գործելաոճով առաջիկա տարիներին խնդիրները ոչ միայն կմնան այս մակարդակի վրա, այլև՝ հնարավոր է՝ ավելի խորանան: 

 

-Վարչապետի գործունեության 100 օրը ինչպես կգնահատեք: 


-Իհարկե, 100 օրում ինչ-որ արդյունքի հասնելը բավականին դժվար է, քանի որ կարճ է ժամանակահատվածը: Որոշ բաներ կարելի է մատնանշել: Կարելի էր խնդիրների լուծման երկարաժամկետ հիմքերը դնել այս 100 օրում: Այն հիմնական խնդիրը, որը կա երկրում՝ վստահության ճգնաժամն է: Երկրում ապագայի նկատմամբ վստահության ճգնաժամ կա: Դրան ուղղված որևէ քայլեր Կառավարության գործունեությունում չեմ տեսել, որ թե՛ հասարակությունը թե՛ միջազգային խոշոր ընկերությունները, վերականգնեն Հայաստանի նկատմամբ իրենց վստահությունը: Այսօր բոլորն ունեն վատ սպասելիքներ, բոլորը փորձում են անել խնայողություններ, քանի որ մտածում են՝ ապագայում իրենց ֆինանսական վիճակն ավելի է վատանալու, բոլորը հետաձգում են իրենց որոշումները և այլն: Այդ տեսանկյունից՝ Կառավարության գործողությունների մեջ սպասում էի կտրուկ, հեղափոխական մոտեցումներ, որոնք չեղան: Այն ոճը, որ նախորդ կառավարություններն իրականացնում էին, ձևի փոփոխությամբ հիմա է արվում: Ինչ-որ փոփոխություններ արվում են, սակայն դրանք էական արդյունք չեն տա: 

 

-Օրինակ՝ էլեկտրաէներգիայի սակագնի էժանացումը 1,22 դրամով, կարելի՞ է համարել դրական քայլ, կամ արդյոք դա հասարակ քաղաքացու վրա էական ազդեցություն կունենա՞, թե՞ ավելի շատ նախընտրական քայլ էր: 


-Եվ էլեկտրաէներգիայի, և գազի սակագնի նվազումը փաստ է, ու դրական է: Սակայն, նորից եմ շեշտում՝ ամեն ինչ պետք է դիտարկել ընդհանուր կոնտեքստում: Մի քանի տարի առաջ գազի, այս տարի էլ՝ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացավ: Հիմա այս նվազումն ավելի քիչ է, քան նախորդ բարձրացումը: Քաղաքացիների ընդհանուր ծախսերում մի քանի հազար դրամի նվազումը, այն էլ աղքատության այս պայմաններում, չի կարելի համարել բարեկեցության բարձրացում: Իհարկե, այս փոքր քայլերը չի կարելի չողջունել, սակայն մյուս կողմից՝ սրանք չեն տա այն ազդեցությունը, որը սպասվում է: Տնտեսության զարգացման համար որևէ դրական փոփոխության չի բերի: Ժամանակի ընթացքում այս մի քանի հարյուր կամ հազար դրամի խնայողությունն ընդհանուր ծախսերի մեջ կկորի կգնա, ու էֆեկտը մի քանի ամսից կկորի: 

 

-Որպես տնտեսագետ՝ ի՞նչ եք կարծում ինչպիսի՞ քաղաքականություն պետք է որդեգրի Կառավարությունը՝ տնտեսությունն այս ծանր վիճակից դուրս բերելու համար, եթե իհարկե, նման ցանկություն կա: 


-Ես արդեն նշեցի, որ մի քանի կտրուկ հեղափոխական փոփոխություններ եմ ակնկալում Կառավարությունից: Օրինակ՝ օրենսդրական դաշտում Հարկային օրենսգրքի այս ձևաչափով ընդունումը  կարելի է համարել գործող օրենքների մեկտեղում: Այս կառավարությունից ես ակնկալում էի, որ հարկային օրենսգիրքը հետ կկանչեր խորհրդարանից և ամբողջովին կփոխեր, և ներդրողը կտեսներ, որ կատարվում են կտրուկ քայլեր, որոնք կառաջացնեին դրսի ներդրողների դրական արձագանքները: Մեր հիմնական խնդիրներից է տեղական արտադրանքի և արտահանման ծավալների ցածր մակարդակը: Պետք է անել առավելագույնը տեղական արտադրողների համար. ստեղծել բարենպաստ պայմաններ և որոշակի հարկային ու ֆինանսական արտոնություններ տրամադրել: Միևնույն ժամանակ, վստահության մթնոլորտի վերականգնման համար պետք է քայլեր կատարվեն: Անընդհատ խոսում են մենաշնորհների վերացման մասին, կարծես դա մի քանի արկղ բանանի ներմուծում է և դրանով զարգանալու է տնտեսությունը: Այդ ոլորտում ևս պետք է քայլեր կատարվեն: Երկրի խնդիրը ոչ թե ներմուծման զարգացումն է, այլ հակառակը. տեղական արտադրանքը պետք է հասցնել այն մակարդակի, որ մենաշնորհային լորոտում  առկա ներմուծողները չկարողանան մրցակցել տեղական արտադրողների հետ: Փոքր ընկերություններին պետք է ոչ թե ասել՝ ինչ ուզում եք ներմուծեք, այլ՝ այդ ընկերությունների համար այնպիսի պայմաններ ստեղծել, որ տեղում արտադրանք տան: Մենք եթե օրվա սպառման համար արտադրանք չենք կարող տալ, արտահանման մասին խոսելը բարդ է դառնում: 

 

Քրիստինա Աղալարյան