Որոշ ժամանակ առաջ Ազգային անվտանգության ծառայություն էր հրավիրվել երաժիշտ Վահան Արծրունին, օրեր անց հրավիրվեց նաև քանդակագործ Հարություն Կարապետյանը, իբրև թե հարցազրույցի: Մինչ օրս ԱԱԾ-ն ոչ մի մեկնաբանություն չի տվել նշված անձանց ԱԱԾ հրավիրելու պատճառների մասին:
Հիշեցնենք, որ երաժիշտ Վահան Արծրունին ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն էր հրավիրվել, որտեղ ոմն Գրիգոր՝ նրան հարցեր էր տվել Հիմնադիր խորհրդարանի անդամների հետ կապերի, Խորենացի փողոցում ամռանն անցկացված բողոքի ակցիաներին մասնակցության, ապրելու միջոցների, ընտանիքի մասին:
Օրեր անց՝ քանդակագործ Հարություն Կարապետյանը նույնպես հրավիրվել է ԱԱԾ՝ «ընկերական զրույցի», սակայն հրաժարվել է գնալ և ինչպես փաստեց, արժանացել ԱԱԾ աշխատակցի վիրավորանքին՝ «Ասում ա՝ ինչի ես կապիկություն անում․․․ Ախր, վախով երկիր չեն կառուցում»:
Այս առիթով պարզաբանումներ ստանալու համար ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը կապ հաստատեց ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանի հետ: Վերջինս հաստատեց, որ նշված անձինք հրավիրվել են ԱԱԾ.
«Այո, հրավիրվել են: Ոչ մի մեկնաբանություններ և պարզաբանումներ չեմ կարող տալ,- ասաց Սամսոն Գալստյանը և հավելեց.- մարդիկ իրենց աշխատանքն են արել»:
Փաստորեն, ԱԱԾ-ն հրաժարվում է պատասխանել հարցերին, թե ինչու են մարդիկ հրավիրվում հարցազրույցի հենց ԱԱԾ:
Սոնա Հարությունյան