2016 թվականը մոտենում է ավարտին: Լավ տարի էր, թե ոչ հարցի պատասխանը յուրաքանչյուրը կարող է ինքն իր մեջ գտնել: Սակայն, պետության համար, կարելի է ասել, 2016-ը փորձությունների և կորուստների տարի էր: ԼՈՒՐԵՐ.com-ը կամփոփի տարվա կարևոր իրադարձությունները՝ ըստ ոլորտների: Եվ այսպես՝ տարվա կարևոր քաղաքական իրադարձությունները.

2016 թվականի սկզբում կարևոր քաղաքական իրադարձություն էր ՀՀԿ-ՀՅԴ կոլիցիոն հուշագրի ստորագրումը, որը տեղի ունեցավ փետրվարի 24-ին: 

Ուշագրավ իրադարձություն էր իշխանության և ընդդիմության 4+4+4 ձևաչափի ստեղծումը, որը  թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության ներկայացուցիչները համարեցին կոնսենսուս: 

Նշանակալի իրադարձություն էր ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված տոնական զորահանդեսը, որի ընթացքում հանդիսավոր երթով անցան ՀՀ Զինված ուժերի ստորաբաժանումները, հայոց երկինքը եռագույնի գույներով ներկեց գրոհային ինքնաթիռների խումբը, և ՀՀ ԶՈՒ զինտեխնիկան բերվեց հրապարակ։

Տարվա հրաժարականներ

Տարվա կարևորագույն իրադարձություններից էր սեպտեմբերի 9-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականի դիմումը, որը շատերի համար անսպասելի էր: «Ես որոշել եմ հրաժարական տալ և նոր կառավարություն ձևավորելու հնարավորություն ընձեռել Նախագահին: Պետք է մտածել մեր բոլորի հաջողության մասին և շանս տալ նոր կառավարությանը՝ կատարված աշխատանքի հիման վրա և նոր մոտեցումներով համախմբելու հասարակությանը»,- իր խոսքում ասել էր վարչապետը: 

Աբրահամյանի հրաժարականից հետո Կառավարության ղեկը հանձնվեց «Գազպրոմբանկ» ԲԲԸ առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյանին: 

2016-ին հրաժարականի դիմում ներկայացրեցին հետևյալ նախարարները. Տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, Սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանը, Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը Էկոնոմիկայի նախարարի պաշտոնից տեղափոխվեց Բնապահպանության նախարարի պաշտոնին:

Այս տարի հրաժարական տվեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Նոր մարզպետը Վահե Հակոբյանն է: 

Տարվա քաղաքական հայտ

Քաղաքական կարևոր իրադարձություն էր Գագիկ Ծառուկյանի քաղաքական ակտիվությունը:

Տարվա ընթացքում ձևավորվեցին մի շարք դաշինքներ, ուժեր: Իրադարձային էր «Միասնություն» համազգային շարժման ստեղծումը, որը քաղաքական դաշտում լուրջ հայտ է ներկայացրել: Դրան հաջորդեց «Միասնության» հիմնադիր համաժողովը: 

2016-ի վերջում Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հայտարարեց քաղաքական դաշտ մուտք գործելու մասին:

Քաղաքական «ֆլիրտ»

Այս տարի «կռված և բարիշած» Նիկոլ Փաշինյանն ու Էդմոն Մարուքյանը, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանի հետ դաշինք կազմեցին և հայտարարեցին առաջիկա ընտրություններում միասին հանդես գալու մասին:

Տարվա համագումարներ և ելույթներ

Այս տարի տեղի ունեցավ ՀՀԿ-ի ՀԱԿ-ի, Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցության հիմնադիր համագումարները: ՀՀԿ-ի համագումարի ժամանակ ծավալուն ելույթ ունեցավ Սերժ Սարգսյանը, ով, ըստ էության, որևէ նոր բան չի ասել: Իսկ ՀԱԿ համագումարի ժամանակ՝ Լևոն Տեր Պետրոսյանը, ում ելույթը համացանցում և լրատվական դաշտում մեծ արձագանք գտավ: Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել փուլային տարբերակով՝ երկկողմանի փոխզիջումների դեպքում:

Արտաքին քաղաքականություն

Ներքին քաղաքականությունից անցում կատարենք արտաքին քաղաքականությանը: Այդ առումով չափազանց կարևոր էր Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպումը, որը տեղի ունեցավ Վիեննայում՝ մայիսի 16-ին: 

Իսկ օգոստոսին Երևանում տեղի ունեցավ Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: «Բնականաբար, մեր այսօրվա բանակցությունների գլխավոր թեման Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման հարցն էր, Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Դա, նախևառաջ, 1994-1995թթ. հրադադարի ռեժիմի մասին եռակողմ անժամկետ համաձայնագրերի անվերապահ կատարումն է, միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծումը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի առաքելությունների ընդլայնումը»,- հանդիպման ժամանակ ասաց Սարգսյանը՝ դիմելով ՌԴ նախագահին:

Տարվա ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից եղան բազմաթիվ հայտարարություններ՝ կապված ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հետ: Արցախում քաղաքական կարևորագույն իրադարձություն էր Սահմանադրական փոփոխություններին նախապատրաստվելը և հայեցակարգի մշակումը: 

2016 թվականի, թերևս ամենակարևոր իրադարձությունը թե հայաստանյան, թե միջազգային մամուլի համար, կարելի է համարել Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի այցը քրիստոնեական առաջին երկիր: 

Տարվա վերջում տեղի ունեցավ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի այցը Հայաստան: 

Աշխարհաքաղաքական իրադարձություններ

Աշխարհաքաղաքական առումով մեծ իրադարձություն էր ԱՄՆ նախագահի փոփոխությունը: Գերտերության նոր նախագահը Դոնալդ Թրամփն է: Թուրքիայում տեղի ունեցավ ռազմական հեղաշրջման փորձ, հարևան Վրաստանում Կառավարության փոփոխություն տեղի ունեցավ և այլն:

Անշուշտ, տարվա ընթացքում տեղի ունեցած քաղաքական իրադարձություններն այսքանով չեն սահմանափակվում, բայց մենք որոշեցինք ներկայացնել հիմնական իրադարձությունները, որոնք մեծ նշանակություն են ունեցել երկրի կյանքում: 

Շարունակելի...