Արգենտինայի հայ համայնքը ներկայացնող կազմակերպությունները համայնքում միասնական կառույց ստեղծելու մասին պայմանագիր են ստորագրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Prensa Armenia-ն, նախաձեռնությունն առաջացել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների կազմակերպման միասնական հաջողված փորձի ար դյունքում:

 

Հայկական ավանդական կուսակցությունները' Դաշնակցությունը, Հնչակյան և Ռամկավար կուսակցությունները ներկայացված են եղել համապատասխան հասարակական կազմակերպությունների միջոցով' Հայկական մշակութային ասոցիացիա, Հայկական «Շարժում» մշակութային միություն և Հայկական լիբերալ դեմոկրատական կազմակերպություն: Պայմանագիրը ստորագրել են նաև Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, Հայկական հիմնադրամը և «Լոգիա Արարատը»: Փաստաթուղթը ստորագրվել է Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Հայ առաքելական եկեղեցում' Արգենտինայի և Չիլիի թեմի առաջնրդ Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանի հովանու ներքո:

 

«Մենք կարևոր քայլ ենք կատարել հայ համայնքի գործունեության ինստիտուցիոնալիզացիայի ուղղությամբ: Սա դեռևս ներկայացուցչական մարմին չէ, սակայն ճանապարհ է հարթում նման մարմին ձևավորելու ուղղությամբ»,- ասել է Արգենտինայի հայ համայնքի ներկայացուցիչ, պրոֆեսոր Խաչիկ Տեր-Ղուկասյանը:

 

Փաստաթղթում ամրագրված են նաև Արգենտինայի հայ համայնքի վեց հիմնական նպատակները, որոնց ուղղությամբ պետք է աշխատի ձևավորվելիք կառույցը: Առաջին' Թուրքիային' որպես Օսմանյան կայսրության իրավահաջորդի կողմից 1915-1923 թվականների Հայոց ցեղասպանության բարոյական և նյութական հետևանքների հատուցման պահանջ: Երկրորդ' Հայոց ցեղասպանության փաստը մոռանալու, հարցականի տակ դնելու, ժխտելու, հարաբերական կամ պարզունակ դարձնելու ցանկացած փորձին հակազդում: Երրորդ' Հայաստանի Հանրապետության ճանաչում որպես հայ ժողովրդի գոյատևման և լեգիտիմ ձգտումների իրականա ցման երաշխավոր: Չորրորդ' Հայ առաքելական եկեղեցու պատմական դերի արժևորում' առանց որևէ կրոնական կառույցի կամ անհատի հավատամքի արժեքավոր ներդրման ժխտման: Հինգերորդ' համայնքային կառույցների դերի նկատմամբ հարգանք' որպես հայ մշակույթի տարածման և զարգացման միջոցներ: Վեցերորդ' կրթության կարևորում' որպես հայ ինքնության զարգացման և հարստացման միջոց: