Հունվարի 3-ին մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Երևանում:

 

Ժամը 00:20-ի սահմաններում Երևան քաղաքի 16-րդ թաղամասի բնակիչ, 37-ամյա Հարություն Մելոյանը իր վարած Toyota Camry մակնիշի 34 AN 290 hամարանիշի ավտոմեքենայով Մելքումով փողոցի 27 շենքի մոտ վրաերթի էր ենթարկել Երևան քաղաքի Կիևյան փողոցի 7 շենքի բնակիչ, 28-ամյա Մուշ Գասպարյանին և նույն փողոցի 5-րդ շենքի բնակիչ, 27-ամյա Ռազմիկ Առաքելյանին: Հարվածի հետևանքով Մ. Գասպարյանը մոտ 80 մետր շպրտվել և հարվածել էր կայանված վիճակում գտնվող Երևան քաղաքի Բանավան փողոցի բնակիչ, 24-ամյա Կարեն Մանուկյանին պատկանող ВАЗ 21099 մակնիշի 35 AC 042 համարանիշի ավտոմեքենային:

 

Վրաերթի հետևանքով Մ. Գասպարյանը տեղում մահացել էր, իսկ Ռ. Առաքելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Արմենիա» բժշկական կենտրոն:

 

Երեկ՝ հունվարի 4-ին, վերջինս հիվանդանոցից տեղափոխվել է տուն, սակայն տևական ժամանակ բուժումն անցկացնելու է տնային պայմաններում։

 

Վարորդը ենթարկվել էր բժշկական փորձաքննության և պարզվել էր, որ նա գտնվել է ոչ սթափ՝ 0,19 աստիճանի խմած, սակայն մասնագետները նշում էին, որ դա թույլատրելի է:

 

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Ճանճապանյանի որոշմամբ Երևան քաղաքի 16-րդ թաղամասի բնակիչ, 37-ամյա Հարություն Մելոյանը գործով որպես կասկածյալ է ներգրավվել։

 

Գրում է shamshyan.com-ը:

Վրաերթի հետևանքով մահացած 28-ամյա Մուշ Գասպարյանը