Կարծում ենք' ամենևին էլ չափազանցություն չի լինի, եթե ասենք,որ Հայաստանում, երևիթե, երբևէ այնքան շատ չի խոսվել մենաշնորհների ու դրանց դեմ պայքարի մասին, որքան խոսվում է հատկապես վերջին մի քանի ամիսներին' կապված երկրում իրավիճակի փոփոխության հետ. նոր կառավարություն է ձևավորվել,որն էլ որպես իր համար հինական թիրախ ու նպատակ է հանրահռչակել մոնոպոլիաների դեմ պայքարը: Ճիշտ է, կարծես, պայքարն այդ խոսքերից ու հավաստիացումներից դեռևս այն կողմ չի անցնում, ու հազիվ գտնվի մեկն, ով կարող է վստահաբար հայտարարել, թե մենաշնորհներ մեր երկրում այլևս չկան (բացի, թերևս, վարչապետ Կարապետյանից, ում' Գյումրիում կատարած հայտարարությունը դեռևս շարունակում է մտքեր ու սրտեր ալեկոծել), բայց պնդել, թե ամեն բան անդառնալի է, ու այլևս երբեք Հայաստանում մենաշնորհների դիմացն առնել չի լինի, երևիթե, դեռևս, վաղաժամ կլիներ.նոր կառավարությունն ընդամենը մի քանի ամիս է տնտեսության կառավաման ղեկը ստանձնել, ու ամենևին էլ չի բացառվում,որ ժամանակի ընթացքում որոշ խնդիրներ հնարավոր լինի հաղթահարել:

 

Հարցը,սակայն,այստեղ այն է,որ որքան էլ ոմանք փորձեն իրենք իրենց ներշնչել,թե վաղն ամեն ինչ լավ է լինելու, կան բաներ,սակայն, բավական տհաճ իրողություններ,որոնց հետ հաշվի չնստել նույնիսկ ամենալավատեսը մեծագույն ցանկության դեպքում անգամ չի կարող: Ցավոք,դեռևս կան բավարար հիմքեր պնդելու,որ իրականում տեղի է ունենում ոչ թե իրական ու արմատական բարեփոխում,ինչպես պետական քարոզչամեքենան է ներկայացնում,այլ' մասշտաբային բեմականացում' հասարակությանը ներշնչելու,թե վաղն ավելի լավ է լինելու,քան' այսօր:


Այն, որ Հայատանում վաղուց արմատացած ու որևիցե կերպ արմատախիլ չլինող տնտեսական մենաշնորհներից մեկն էլ շաքարավազի մոնոպոլիան է, հայտնի է անխտիր բոլորին: Որքան էլ կարող է անհեթեթ հնչել,բայց շաքարավազի շուկայում մի չգրված,բայց հանրահայտ օրենք այդպես էլ շրջանառությունից  դուրս չի գալիս. Հայաստան շաքարավազ ներմուծելու իրավունք ունի բացառապես Սամվել Ալեքսանյանն,ով,ինչպես հայտնի է, վայելում է իշխանությունների անթաքույց բարեհաճությունը: Ու չնայած հատկապես Կարապետյանի կառավարությունն աշխատում է այս իրողությունն ամեն կերպ անտեսել'ինչ-որ իմաստով ջայլամային վարքագիծ դրսևորելով,ցույց տալով,թե խնդիրն իրականում հորինածին է,բայց փաստը մնում է փաստ,որ մինչ օրս դեռևս ոչ ոք լուրջ կերպով այս հարցը չի վիճարկել.բոլորը, բերանները փակ, ստիպված համակերպվել են շաքարավազի շուկայում ստեղծված անբնական վիճակի հետ ու նախընտրում են շառից, փորձանքից հեռու մնալ:

 

Պարզվում է, սակայն, կա մեկն, ով ամենևին էլ չի կիսում ձևավորված այն կարծիքը, թե շաքարավազի՝ հայաստանյան շուկան ապօրինաբար մոնոպոլիզացված վիճակում է գտնվում, ու նունիսկ ինքն իրեն ու աշխարհին դրանում համոզելու համար որոշել է վերածվել յուրօրինակ փորձադաշտի. ՀՀ արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանն,ի ապացույց Հայաստանում տնտեսական մոնոպոլիաների չգոյության, սեփական օգտագործման համար օրերս հանրապետություն շաքար է ներմուծել ու,ի զարմանս իրեն, «մնացել կենդանի»: Ու հիմա սկսել է աջուձախ լուրեր տարածել,թե,բա չեք ասի, Հայաստանում շաքարավազի մոնոպոլիա այլևս գոյություն չունի. ներկրել է ու ապագայում ևս շարունակելու է Ալեքսանյանի «գործին հանդգնորեն խփել»:


Չնայած կարող է այս պատմությունը շատերին ծիծաղելի թվալ,ու դժվար թե գտնվի բանական մեկն,ով հավատա,թե շաքարավազ Հայաստան ներկրելն այլևս հասարակ մահկանացուների համար տաբու չէ,բայց այս ողջ պատմության մեջ ուշագրավը,թերևս, մեկ այլ հարց է. ինչո՞վ է մոտիվացվում արտահանողների միության նախագահը,երբ կեղծ քարոզչություն է տանում ու փորձում բանից անտեղյակ մարդկանց մոլորության մատնել:Մի՞թե,այնուամենայնիվ, նա չի ուղղորդվում ու հօգուտ կառավարության վուլգար պրոպագանդա չի իրականացնում…


Ակամա հարց է ծագում' եթե այդ շաքարավազ ներկրողը լիներ ոչ թե իշխանություններին մոտ կանգնած Մխչյանի պես մեկն, այլ' ասենք Երևանի բազմաբնակարանային շենքերից մեկի 10-րդ հարկում ծվարած ու անհատ ձեռներեցությամբ զվաղվող Շմավոնը, նա է՞լ որևիցե խոչընդոտների չէր հանդիպի իր ճանապարհին,թե՞,այնուամենայնիվ, չունենալով «թափով» ծանոթներ,անմիջապես կլիկվիդացվեր (բառիս անուղղակի իմաստով).պատասխանը,կարծում ենք, առավել քան ակնհայտ է:


Իսկ թե մինչև երբ է շարունակվելու այս թոզփչոցին, ցավոք,դեռևս անհայտ է: Կարելի է ենթադրել, սակայն, մինչև ապրիլի 2-ն,երբ վերջապես կկայանան երկար սպասված խորհրդարանական ընտրությունները. նախըտրական շրջան է, ու պետք է խոհեմաբար հանդուրժենք ոմանց անխոհեմ վարքագիծը.դա է պահանջում մարդկային տարրական բարեկրթությունը…


Դավիթ ԲԱԲԱՆՈՎ