Ամանորյա տոներն այլևս անցյալում են, ու թե՛ հայաստանյան հասարակությունը, թե՛ հասարակական-քաղաքական դաշտը հետզհետե փորձում են վերադառնալ իրենց առօրյա ռիթմին: Գաղտնիք չէ, սակայն, որ առօրյա ռիթմին վերադարձը, շատ հաճախ, ոմանց մոտ այնքան էլ սահուն չի ստացվում, ու քիչ չեն դեպքերն, երբ այս կամ այն պատճառով՝ մարդիկ ընկնում են հետտոնական սթրեսների մեջ, ակամա տվայտվում:

 

Հետտոնական սթրեսի արդյո՞ւնք էր, թե՞ լավ մտածված ու հստակ գիտակցված հայտարարություն, բայց փաստը, որ Վահրամ Բաղդասարյանի՝ վերջին հարցազրույցներից մեկում հնչեցրած այն կարծիքը, թե առաջիկա խորհրդարանական ընտրությունների որակը միայն ու բացառապես կախված է լինելու ընդդիմադիր ուժերի սկզբունքայնությունից, ոչ միայն չի տեղավորվում ռացիոնալ բանականության սահմաններից ներս, այլև, համաձայնե՛ք, աչքի է ընկնում աննախադեպ անհեթեթությամբ, ոչ ոք չի կարող հերքել:


«Մենք հորդորում ենք, որ բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերը, բոլոր ընտրատարածքներում հանձնաժողովի անդամներ նշանակեն, տեղերը չվաճառեն, վստահված անձեր նշանակեն, որ կարողանան այդ վերահսկողությունը դիտորդների հետ կազմակերպված ձևով անցկացնել»,- խրոխտաբար ու միայն իրեն հատուկ ինքնավստահությամբ հայտարարել է համապատասխան խմբակցության ղեկավարն ու հենց այսպես՝ հեշտ ու հանգիստ կերպով, հավանական կեղծիքների պատասխանատվությունն, ըստ էության, բարդել ընդդիմության վրա:

 

Ինչ խոսք՝ ասել, թե մեզանում ընդդիմությունը միշտ ու հանապազ կերպով աչքի է ընկել խստագույն սկզբունքայնությամբ ու անկաշառվածությամբ, մի փոքր չափազանցված կլիներ, քանի որ գաղտնիք չէ՝ ընտրատեղամասերում ոչ միշտ է պատահել այնպես, որ ընդդիմության ներկայացուցիչներն իրենց դրսևորել են կատարյալ կերպով ու չեն տրվել իշխանությունների գայթակղիչ առաջարկներին: Բայց հանգամանքը, որ ընդդիմադիրների աններելի սայթաքումը տրամաբանական հետևանքն է հանդիսացել հենց ՀՀԿ կողմից գործի դրվող դատապարտելի տեխնոլոգիաների, Բաղդասարյանին հիմնավորապես և մեկընդմիշտ զրկում է իշխանությունների պատասխանատվության տիրույթում գտնվող երևույթը ընդդիմադիրների «վզով անելու» իրավունքից:

 

Թե հատկապես ինչին է ձգտում սրանով հասնել Բաղդասարյանը, կարծում ենք՝ այնքան էլ դժվար չէ կռահել: Նա, ըստ էության, փորձում է կանխավ արդարացնել իշխանությունների՝ առաջիկայում ծրագրած ընտրակեղծարարություններն ու էն գլխից չքմեղանալ. ընտրություններն ամենևին էլ սարերի հետևում չեն, ու միայն հրաշքը կարող է ստիպել միջին վիճակագրական հայաստանցուն՝ գարնանը կամովին քվեարկել իշխանությունների օգտին. խնդիրներն ու անհուն պրոբլեմներն ինչպես որ կային, այնպես էլ շարունակում են գոյություն ունենալ ու նույնիսկ է՛լ ավելի սրվել. 2017-ն, ըստ մի շարք օբյեկտիվ վերլուծությունների ու գնահատականների, շատ ավելի ծանր տարի է լինելու, քան կարելի է նույնիսկ պատկերացնել. ոմանք անգամ տնտեսական դեֆոլտ են կանխատեսում:

 

Հետևաբար՝ կարծել, թե առանց ընտրակեղծիքների ու փորձված տեխնոլոգիաների կիրառման՝ իշխանություններին կհաջողվի գերիշխող դիրքեր գրավել առաջիկա խորհրդարանում, միամտություն կլիներ. Վահրամ Բաղդասարյանն իր այս հայտարարությամբ ընդամենն ապագա կեղծարարությունների մեկնարկն է հայտարարում՝ արդարացնելով դրանք՝ դեռևս ընտրություններից չորս ամիս առաջ:


Դավիթ ԲԱԲԱՆՈՎ