Սուրբ Ծննդյան տոնին Գուգարաց թեմի առաջնորդի մատուցած պատարագն ու հոգևոր հովվի խոսքն՝ ուղղված եկեղեցում հավաքված բազմությանն, այսօր դարձել է քննարկումների և քննադատությունների թիրախ: Համացանցում հայտնվել են հրապարակումներ, որտեղ մեղադրում են Գուգարաց թեմի առաջնորդին՝ մատուցվող պատարագին քաղաքական ենթատեքստ տալու, Վանաձորի ավագանու անդամ, ԼՀ պատգամավոր Էդմոն Մարուքյանին ու նրա կուսակիցներին՝ ավագանու նիստերը  չբոյկոտելու կոչի համար: 

 

Թեմայի շուրջ ԼՈւՐԵՐ.com-ը զրուցեց Գուգարաց թեմի առաջնորդ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի հետ:

 

Սրբազանն, անդրադառնալով իր կողմից արված հայտարարությանն ու դրա վերաբերյալ ծավալված քննարկումներին, նշեց. «Ես մշտապես իմ քարոզներում հորդորել եմ մեր հասարակությանը՝ լինել միաբան, քանզի միաբանության մեջ է մեր հաղթանակը: Այսօր միաբանությամբ կարող ենք մեր գեղեցիկ պետությունը վերակառուցել: Սուրբ ծննդյան տոնին եկեղեցում ներկա գտնվողներին, մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներին՝ այդ թվում և ԱԺ պատգամավորին, հորդորցի միաբան լինել և մեր ժողովրդի հոգսերը հոգալ, քանի որ Լոռվա ժողովրդի քվեն ոչ ոք իրավունք չունի մսխելու: Ինչպես վայել է առաջնորդներին, ես կանգնել եմ ժողովրդի միաբանության կողքին: Խոսելով իմ հայտարարության շուրջ ծավալված քննադատությունների մասին՝ ընդամենը ցավով պետք է ասեմ, որ նորելուկ քաղաքական գործիչ Էդմոն Մարուքյանն՝ այսպես կոչված պատգամավորը, իր կուսակցության շահը հետապնդելով, զրպարտում է իր առաջնորդին, և սա ինձ համար մեծագույն վիրավորանք է: Ցավալի է, որ իմ հոտի անդամը, ով իրեն առաքելական եկեղեցու զավակ է համարում, համարձակվում է իր առաջնորդի խոսքը կեղծել, ստել և խեղել: Սա նշանակում է, որ ես, իբրև առաջնորդ, իմ պարտականությունը նրա նկատմամբ ամբողջական չեմ կատարել և Մարուքյանին կրթելու և դաստիարակելու հարցում ունեմ բացթողում»:

Արդյոք տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը քաղաքական ագիտացիանե՞ր է արել, թե՞ սա, պարզապես, հոգևոր առաջնորդի կողմից հնչեցված համերաշխության կոչ պետք է դիտարկել՝ առանց քաղաքական ենթատեքստերի,  ԼՈՒՐԵՐ.com-ը փորձեց ճշտել ազգագրագետ Հրանուշ Խառատյանից.

 

«Կարծում եմ՝ դա պարզապես համերաշխության կոչ է: Եկեղեցականին հարիր է նման բաներ ասելը: Մյուս կողմից՝ ակնհայտ է մեկ բան. Վանաձորի ընդդիմադիրներն իմացել են, որ իրենք գնում են մի ավագանի, որտեղ հնարավոր է, որ իրենք քիչ լինեն, հանրապետականը՝ շատ: Իրենք հրաժարական չեն տվել, որը կլիներ  քաղաքական քայլ, հիմա, երբ ավագանու նիստերը բոյկոտում են, հարց է առաջանում՝ ինչի՞ց են բողոքում` ծուլությունի՞ց, թե՞ քաղաքական ակցիա է դա: Այստեղ են քաղաքական ենթատեքստերը: Իսկ ինչ վերաբերում է տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի կողմից արված կոչին, դա, կարծում եմ՝ համերաշխության կոչ էր:

 

Ըստ Հրանուշ Խառատյանի՝ նույն հաջողությամբ հոգևոր առաջնորդը կարող էր կոչով դիմել հանրապետականներին և  մյուս ընդդիմադիրներին: «Ցանկացած եկեղեցականի կողմից կարող է հնչեցվել նման հայտարարություն»: