Աբգարյան Արսե՛ն, լողա՛ գրատախտակի մոտ….

 

Սա հումոր է, բայց Արթիկի թիվ 7 ավագ դպրոցում՝ իրականություն: Երեխաները գրատախտակին են մոտենում ոչ թե սովորական քայլերով, այլ՝ լողալով: Իսկ պատճառը դպրոցի անմխիթար, աղետալի վիճակն է, տանիքի՝ կարելի է ասել՝ բացակայությունը: 

 

ՀՀ կառավարության այսօրվա նիստի մեկնարկին վարչապետ Կարապետյանը հանձնարարականներ տվեց ուսումնասիրելու հանրակրթական դպրոցների շենքային անմխիթար վիճակն ու հատկապես անդրադարձ կատարվեց Շիրակի Մարզի Արթիկ քաղաքի թիվ 7 միջնակարգ դպրոցին: «Արթիկում հնարավորություն ունենք օպտիմալացնելու, նորմալ պայմաններ ստեղծելու: Թերբեռնված են դպրոցները, ունենք դպրոց, որի պայմանները վատ են»,- նիստի ժամանակ ասաց Կարեն Կարապետյանը: 

 

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Արթիկի թիվ 7 դպրոցի տնօրեն Հարությունյանը թեմայի վերաբերյալ նշեց, որ իրենք նոր են ստացել Կառավարությունից նամակ, որտեղ նշված է՝ «դպրոցը պետք է վերակոմպլեկտավորել կամ այլ հնարավոր լուծումներ առաջարկել»: 

 

«Մի քանի օր առաջ պարոն մարզպետն էլ էր դպրոց հաճախել, տեղում ուսումնասիրել էր վիճակը: Հիմա ներկայացրել են կառավարություն, որ հասկանան, թե հարցի լուծումն ինչ տարբերակով պետք է լինի»,- ասաց տնօրենը: Վերջինս դժվարացավ պատասխանել, թե մոտավոր ինչ կարգի գումար է հարկավոր՝ դպրոցը հիմնովին նորոգելու համար: 

 

«Ես մասնագետ չեմ, չեմ կարող ասել: Միայն հստակ կարող եմ ասել, որ տանիքի հիմնանորոգման համար անհրաժեշտ է 43 մլն դրամ»,-ավելացրեց դպրոցի տնօրենը: Չնայած դպրոցի անմխիթար ու աղետալի պայմաններին, տնօրենը վստահեցրեց, որ դասերը նորմալ հունով ընթանում են, երեխաներն էլ, ըստ տնօրենի, չեն բողոքում պայմաններից: «Դասերը շատ նորմալ են ընթանում, որևէ խնդիր չկա: Մենք այնպիսի դասարաններ ենք ընտրել, որտեղ ընդհանրապես ոչ մի խնդիր չկա, նորմալ պայմաններ են»,- իր խոսքը եզրափակեց Արթիկի թիվ 7 ավագ դպրոցի տնօրենը: 

 

Քրիստինա Աղալարյան


Տեսանյութը, որը նկարահանվել է դեռևս 2015 թվականին՝ ArmeniaTV-ի կողմից, ներկայացնում է դպրոցի վիճակը, որը բառերով անհնար է նկարագրել: