Կարեն Կարապետյանը վարչապետ դառնալուց հետո իր առջև խնդիր դրեց լուծարել ՊՈԱԿ-ներն ու ԾԻԳ-երը: Այդպիսի մի որոշման համաձայն էլ՝ աշխատանքից ազատվել է ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի՝ արդեն նախկին տնօրեն Եղիշե Խերանյանը:
Որոշման մեջ մասնավորապես նշված է. «Հիմք ընդունելով Հայաստանի հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 3-ի N 1120-Ն որոշման 1-ին կետը՝ Եղիշե Խերանյանին ազատել ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային ծրագրերի իրականացման գրասենյակի» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնից:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը կապ հաստատեց Եղիշե Պետրոսյանի հետ, ով նշեց, որ կառավարության որոշմամբ՝ հիմնարկը լուծարվել է. «նորմալ գործընթաց է և պաշտոնից ազատումը ոչ թե վատ աշխատանքի արդյունք է, այլ կառավարության որոշմամբ՝ հիմնարկը դադարել է գործել»:
«Ամբողջ երկրում խնայողության ռեժիմ է սահմանված: Որքան էլ ցավոտ է, բայց դա նորմալ երևույթ է, ես դրա մեջ վատ բան չեմ տեսնում: Պետության մի որոշմամբ 2010-ին ստեղծվել էր հիմնարկը, 2016թ.-ի նոյեմբերի որոշմամբ էլ՝ լուծարվեց»,- ասաց պարոն Խերանյանը:
Խոսելով այն մասին, թե ինչ գործունեություն է ծավալելու այսուհետ, պարոն Խերանյանը նշեց, որ ինքը որևէ պաշտոն զբաղեցնելու մասին խոսակցություններ չի ունեցել և կոնկրետ առաջարկ չի ստացել, սակայն վստահ է, որ իր գիտելիքներն ու աշխատանքային հմտությունները մեր երկրին դեռևս շատ են պետք գալու:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Հայաստանի հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոններից ազատվել են նաև Արեգ Գալստյանն ու Իոսիֆ Իսայանը:
«Հիմք ընդունելով Հայաստանի հանրապետության նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Արեգ Գալստյանին ազատել Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոնից։
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Իոսիֆ Իսայանին ազատել Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:
Սոնա Հարությունյան