ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նամակով դիմել է 61 միջազգային ավիաընկերությունների՝ հայաստանյան շուկայում գործունեություն ծավալելու առաջարկով: Ասուլիսում ամփոփելով նոր կառավարության 100 օրվա գործունեությունը՝ այս մասին հայտարարեց վարչապետը: «Այդ ընկերություններից հինգն արդեն արձագանքել են, սպասում ենք նրանց այցին՝ բանակցություններ սկսելու նպատակով»,-ասաց նա:
Կառավարության ղեկավարը, միաժամանակ, ասաց, որ արդեն իսկ երկու ավիաընկերություն՝ ռուսական և բելգիական, ստորագրել են հայկական շուկա մուտք գործելու պայմանագիր:
Խոսելով ՏՏ ոլորտի զարգացման մասին՝ Կարեն Կարապետյանն ասաց, որ հունվարի 16-ին իր մոտ տեղի է ունենալու ՏՏ ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ մեծ խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվելու է ոլորտի զարգացման մակրոծրագիր, ներկայացվելու են կառավարության կատարելիք քայլերը: