Երեւանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի դիմաց այսօր' փետրվարի 26-ին նորից մեկնարկել է երիտասարդների բողոքի ակցիան: Նրանք, ինչպես երեկ, հավաքվել են ԵՊՀ դիմաց, «Միացում», «Հեռացում», «Դասադուլ» վանկարկումներով ուսանողներին կոչ են անում դասադուլ անել, միանալ պայքարին: ԵՊՀ ռեկտորի օգնական Գեւորգ Մելքոնյանի գլխավորությամբ մի խումբ ուսանողներ ակցիայի մասնակիցներից պահանջում էին հեռանալ ԵՊՀ տարածքից' շեշտելով, որ խանգարում են դասերը: Դրանից հետո բողոքի ակցիայի մասնակից ուսանողները ուսումնական պրոցեսին չխանգարելու համար սեւ ժապավենով բերանները փակել են եւ լռության րոպե են հայտարարել: ԵՊՀ-ի մոտից ուսանողները երթով շարժվել են Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարան:

Նշենք, որ «Ազատ ուսանողների ֆորում» ուսանողական միությունը, հաշվի առնելով համացանցում տարածված դասադուլի կոչերը, հայտարարություն է տարածել եւ նշել. «Ուսանողության շրջանում դասադուլը համարվում է բողոքի ծայրահեղ դրսեւորում եւ, հաջողվելու դեպքում, այն կարող է արձանագրել զգալի հաջողություններ, իսկ ձախողվելու դեպքում' անդառնալի հետեւանքներ կարող է ունենալ ուսանողության ապագայի համար: Մենք, լինելով ուսանողական ուղղվածություն ունեցող կազմակերպություն, գտնում ենք, որ ուսանողներին նման կոչով դիմելու համար նախ եւ առաջ պետք է կոչով դիմեր կոնկրետ անձ կամ կազմակերպություն, որը, միեւնույն ժամանակ, պետք է իր վրա վերցներ ձախողման դեպքում դրա հետեւանքով տուժած ուսանողների պատասխանատվությունը:

Սակայն, ինչպես երեւում է հայտարարությունից, նման պատասխանատվություն ստանձնող ո՛չ կազմակերպություն, ո՛չ էլ անհատ' գոյություն չունի: Հայտարարված դասադուլը մասսայականություն չունենալու դեպքում դատապարտված է ձախողման, ինչի արդյունքում, այն ուսանողները, որոնք չեն մասնակցում դասադուլին ապահովելու են դասապրոցեսի անխափան ընթացքը: Դասադուլին մասնակցող ուսանողները անհարգելի բացակաների արդյունքում հայտնվելու են տհաճ իրավիճակում, որի համար' ըստ էության, որեւէ պատասխանատու գոյություն չի ունենալու, իսկ կրեդիտային համակարգի պայմաններում սովորող ուսանողների համար իրավիճակը մի քանի անգամ ավելի բարդ է լինելու, քանի որ դասապրոցեսից բացակայելու պատճառով նրանք կորցնելու են իրենց վերջնական գնահատականի մոտավորապես 40 տոկոսը եւ իրենց բուհի ղեկավարությանը օրինական հիմքեր են տալու բուհից հեռացնելու համար: Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները' «Ազատ Ուսանողների Ֆորում» ուսանողական միությունը հայտարարում է, որ նմանատիպ անկանխատեսելի հետեւանքներով հղի իրավիճակում դասադուլի կազմակերպիչները նախ պետք է հստակեցվեն եւ փորձեն ուսանողության շրջանում կոնսենսուսի հասնել եւ նոր անցնել կոնկրետ գործողությունների: Կոնսեյսուսի բացակայության դեպքում դասադուլին մասնակցող ուսանողների ապագան դրվում է կասկածի տակ' առանց որեւէ կոնկրետ պատասխանատվություն ստանձնող անձի կամ կազմակերպության առկայության:Միեւնույն ժամանակ մենք հայտարարում ենք, որ ցանկացած կոնսեյսուսի դեպքում «Ազատ Ուսանողների Ֆորում» ուսանողական միությունը պատրաստ է կանգնել ՀՀ ուսանողների կողքին, իսկ մինչ այդ մենք զերծ ենք մնում դասադուլին միանալուն ուղղված կոչերին պատասխանելուց, քանի որ մեր նշած մտահոգությունների եւ ռիսկերի համար պատասխանատու եւ երաշխավոր չլինելու դեպքում, դասադուլը լինելու է ի հեճուկս ուսանողության մի ինչ-որ զանգվածի»:

Հիշեցնենք, որ երեկ ԵՊՀ-ի Կենտրոնական մասնաշենքի մոտից մեկնարակել էր բողոքի ակցիա: Դասադուլի կոչերով երիտասարդները գնացել էին այլ համալսարաններ' ՀՊՏՀ, ինչպես նաեւ ԵՊՀ-ի այլ մասնաշենքեր:

Լուսանկարը՝ ԱրսենՍարգսյանի/NEWS.am