«Ես սպասում եմ գործադիր մարմնի որոշմանը: Ուրիշ տեղից առաջարկ որ լինի էլ՝ չեմ գնա. ես «Հանրապետական» կուսակցության անդամ եմ, ո՞նց կարող եմ ուրիշ կուսակցության միանալ»,- այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը՝ պատասխանելով այն հարցին՝ արդյո՞ք կընդգրկվի ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակում, կամ՝ նման առաջարկ ստացե՞լ է, թե՞ ոչ:
Հարցին՝ արդյոք նեղացած չէ՞ ՀՀԿ-ից, պարոն Աղաբաբյանը պատասխանեց.
«Ես իմ կուսակցական ընկերներից, անձամբ, նեղացած չեմ, ես նեղացած եմ հարկային դաշտից, իշխանությունների որոշ լծակներից: Իհարկե, նման մոտեցումը սխալ է, երբ կուսակցական որևիցե մեկին, որ տնտեսական լծակներ կամ սեփականություն ունի, կուսակցությունը պետք է ասի՝ «հարկայի՛ն, հանկարծ նրան չմոտենաս»: Ո՛չ, թող մոտենան, բայց՝ ճի՛շտ մոտեցում ցույց տան: Իշխանությունների այս վերաբերմունքից եմ նեղացած: Որ կուսակցական ես, հանրապետական, դա չի նշանակում, որ ինչ ուզենաս՝ պետք է անես: Մարդն ունի սեփականություն և պետք է օրենսդրական դաշտում վճարի, բայց այնպիսի օրենքներ կան, որ ընդունելի չեն»:
Խոսելով խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ի մասնակցության և հնարավոր պարտության մասին, Աշոտ Աղաբաբյանը վստահաբար նշեց, որ ՀՀԿ-ն երբեք չի պարտվի, կհաղթի 60 տոկոսով:
«Վատ իշխանություն ունենք, այսինքն՝ չենք կարողանում ծրագրեր իրագործել տարբեր պատճառներով, բայց դա չի նշանակում, որ Կուսակցության մինուսն է ու դրանից է կախված: Կուսակցությունը տխմարներ է հավաքել, փորձում են մի բան անել, բայց բանից դուրս է գալիս՝ տնտեսության վրա վերասհսկողություն կա, իշխանության վրա վերահսկողություն՝ ընդհանրապես չկա: Իսկ նոր պառլամենտի առկայության ժամանակ, քանի որ կլինի պառլամենտական պետություն, վերահսկողություն կսահմանվի, և ով ուզում է գա՝ չի՛ կարող ինչ ուզենա, ոնց ուզենա՝ անել: Իշխանությունը պետք է վերահսկողություն իրականացնի: Եթե չի կարողանում անել՝ կուսակցությունը չունի այն լծակները, որ անի: Նոր պառլամենտի ժամանակ, երբ իրավունքները կհստակեցվեն, արդեն վերահսկողություն կանի»,- ասաց Աշոտ Աղաբաբյանը:
Պարոն Աղաբաբյանը դրական է գնահատում վարչապետի և կառավարության փոփոխությունները. «Բոլորին թվում է՝ երկու ամսում, 100 օրում կամ վեց ամսում՝ առաջընթաց պետք է լինի: Նախ՝ հարկավոր է տեղը բերել ամեն ինչ: Այս օրենքների հիման վրա է, որ երկրի վիճակը լավ չի տնտեսապես: Իհարկե, հավանություն տալիս եմ, դրա համար՝ նոր պառլամենտն իր խոսքը կասի ընտրություններից հետո: Եթե մի երկրում վարչապետները երկու տարին մեկ փոխվում են, այդ երկիրը ո՞նց կարող է հետ չմնալ նոր մարտահրավերներից ու նոր զարգացման ճանապարհներից. պետք է հետ մնա, բա ի՞նչ պետք է անի: Դրա համար՝ հարկավոր է նոր վարչապետին հնարավորություն տալ և օգտակար լինել, որ ծրագրերն իրականանան: Կարծում եմ՝ այդ ամենը կլինի ընտրություններից հետո, համարձակ քայլեր տեղի կունենան ընտրություններից հետո»:
ԱԺ-ում իր գործունեության պասիվությունը, ըստ մեր զրուցակցի՝ պայմանավորված է նրանով, որ օրենքներ կան, որոնց դեմ է և չի կարող համաձայնություն տալ դրանց. «Հարկային դաշտում բավականին լուրջ օրենքներ կան, որոնք անիմաստ բաներ են: Փոփոխություններ պետք է արվի, որը պետք է անի նոր Ազգային ժողովը»:
Աշոտ Աղաբաբյանի կարծիքով՝ պետք է մաքրել ոչ թե քաղաքական դաշտը, այլ՝ տնտեսականը: Տնտեսական դաշտն է պետք մաքրել, որ բոլորի համար հավասար պայմաններ լինեն, որ երկիրը զարգանա: Մոնոպոլիստ հասկացողություն չլինի: Տնտեսական դաշտը բաց լինի, քանի որ այն իր հետ բերում է կոռուպցիոն ռիսկեր:
Սոնա Հարությունյան