Այն, որ հայաստանյան մանկատներում բարեփոխումներ են իրականացվել երեխաների կեցության ապահովման և դաստիարակների աշխատելաոճի և մոտեցումների հարցում, վերջին շրջանում հաճախակի է թմբկահարվում:
Թե Հայաստանում թվով քանի մանկատուն կա և արդյո՞ք դրանք աշխատում են թմբկահարվող նոր մոտեցումներով, ԼՈւՐԵՐ.com-ը փորձեց պարզել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, որտեղից ի պատասխան մեր հարցման՝ տեղեկացրին, որ Հայաստանում գործում է վեց պետական մանկատուն՝ երեքը ընդհանուր տիպի, երեքը՝ մասնագիտացված, և երկու բարեգործական մանկատուն: Ըստ մեզ տրված պատասխանի՝ մանկատներում տնօրենն ընտրվում է մրցութային կարգով, իսկ դաստիարակները՝ տնօրենի կողմից: Պարզ է դառնում, որ հայաստանյան բոլոր մանկատներում աշխատում են հոգեբաններ:
Սա, թերևս, մեզ անհանգստացնող հարցերի պաշտոնական պաստասխանն է, և, ինչպես շատ հաճախ, թղթի վրա գրված օրենքի ոչ բոլոր դրույթներն են պատշաճ կատարվում. օրինակ՝ մտահոգության առարկա է այն, որ դաստիարակներն ընտրվում են տնօրենի հայեցողությամբ: Բազմիցս ականատես լինելով խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքի առկայությանը` բացառել չենք կարող, որ մանկատանը դաստիարակի աշխատանքը կարող է վստահվել տնօրենի հայեցողությամբ ընտրված, բայց մասնագիտական ոչ լիարժեք գիտելիքներով օժտված անձանց, որոնք կարող են խիստ բացասական հետք թողնել երեխաների վրա, և նման աղաղակող փաստեր հանրությանը հայտնի են:
Ինչևէ, մեզ տրված պաշտոնական պատասխանը հուսադրող կլիներ, եթե չլիներ իրականությունը, որը հաճախ լինում է շատ ավելի մռայլ, տխուր և լի բազում խնդիրներով: Այն, որ մանկատներում ամեն ինչ այդքան էլ լավ չէ, փաստում է մեր զրուցակիցը.
«Թերարժեքության բարդույթ, իրենց հյուր գնացած մարդկանց ջերմ շփումներին հակազդող չոր ու կոպիտ ինքնապաշտպանական ռեակցիա, որը ձախողում էր նրանց հետ մտերմանալու մեր գրեթե բոլոր փորձերը: Հենց այս պատկերին ականատես եղանք հայաստանյան մանկատներից մեկում, որտեղ մեկնել էինք օրեր առաջ՝ մանկատան բոլոր սաների համար օրն իսկական տոն դարձնելու և անականկալներով լցնելու համար»,-այսպես արձագանքեց ԼՈւՐԵՐ.com-ի՝ ինչպե՞ս դիմավորեցին մանկատան սաները հարցադրմանը «Միասնություն» համազգային շարժման անդամ, «Երիտասարդական համաձայնություն» ՀԿ ղեկավար Վաչիկ Գրիգորյանը՝ ի պաշտպանություն երեխաների շահերի՝ չնշելով, թե որ մանկատուն էր գնացել:
Խոսելով իրենց տեսածի և ապրած զգացողությունների մասին՝ վերջինս նշեց, որ տնօրենն իրենց շատ լավ է ընդունել, և միասին մտերմիկ մթնոլորտում բավականին անկեղծ զրույց են ունեցել: Խոսել են երեխաների առօրյայի, աշխարհընկալման մասին, և տնօրենն իրենց հավաստիացրել է, որ մանկատանն ապրող երեխան ոչնչով չի տարբերվում ընտանիքում ապրող երեխայից, և ընտանեկան ջերմության և հոգատարության պակասը մանկատունը լրացնում է:
«Հաճելի էր լսել այդ ամենը. մի տեսակ ուրախություն ապրեցինք, որ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված փոքրիկների համար կյանքն իր դրական և լուսավոր կողմերով զգալու համար այս կառույցում անում են ամեն ինչ, սակայն, մեր ուրախությունը կարճ տևեց, երբ հանդիպեցինք մանկատան սաներին: Նախ, մեծ ջանքերի շնորհիվ դաստիարակներին հաջողվեց նրանց լռեցնել, որպեսզի իրենց հյուրերին ներկայացնեն, երեխաները լարված էին, ինչ-որ տեղ՝ նաև ագրեսիվ վարքագիծ էր նկատվում նրանց շարժումներում»,- պատմում է Վաչիկ Գրիգորյանը:
«Փաստացի, մանկատուն մեր այցը ցույց տվեց, որ այնտեղ կա դաստիարակության խնդիր, իսկ նման բարդ խնդիրը վստահել միջնակարգ կամ թերի բարձրագույն կրթությամբ, հոգեբանական հմտություններ չունեցող մարդկանց՝ վերջնականապես կործանարար կարող է դառնալ երեխաների համար: Հարցի լուծումը մենք տեսնում ենք միայն այն պարագայում, երբ կփոխվի մանկատան դաստիարակների և երեխաներին խնամողների ընտրության կարգը. այդ գործը պետք է վստահել մարդկանց, ովքեր ունեն հոգեբանի մասնագիտություն և կարող են իրենց մասնագիտական գիտելիքները ներդնել երեխաների զարգացման գործում: Ինչպես նաև, գիտակցելով Քրիստոնեական բարոյականության և դաստիարակության կարևորությունը, համապատասխան եկեղեցական թեմերի միջոցով ՀՀ բոլոր մանկատներում հոգևոր դասընթացների պարբերականցկացումը ևս մեծ օգուտ կբերի այս գործին: Գիտեմ, որոշակի կարգի մասին սակայն, ականատես լինելով տիրող իրավիճակին, ևս մեկ անգամ համոզվեցինք, որ թղթի վրա գրածը միշտ չէ, որ իրականացվում է գոնե մինիմալ մակարդակով: Այս խնդիրը նույնպես կարելի է դասել այն խնդիրների շարքին, որոնք ուղղակի մեր իշխանությունների անհետեևողական քաղաքականության հետևանք են: Խնդիրը քննարկվել է «Միասնություն» համազգային շարժման համակարգող խորհրդի նիստում և հետամուտ ենք լինելու դրա իրագործմանը»:
Աղավնի Սուքիասյան