Ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քաղաքական կուսակցությունները գնում են ամենատարբեր միավորումների և համախմբումների՝ թեժ պահելով նախընտրական շրջանը: Թե  ինչպե՞ս է պատրաստվում ընտրություններին ԱԻՄ կուսակցությունը, ԼՈւՐԵՐ.com-ը փորձեց պարզել ԱԻՄ առաջնորդից: «Իրականում, ես ուրախ եմ, որ ընտրություններին ընդառաջ համախմբումներ և միավորումներ են լինում, սակայն, պետք է նաև նշեմ, որ Հայաստանում ընտրություններ չեն եղել, և ապրիլին էլ նույնպես խեղկատակություն է սպասվում, բացառությամբ մի դեպքի. մենք կարող ենք ապրիլի երկուսը համազգային վերածննդի օր դարձնել, եթե գնանք համազգային համախմբման և միավորման»:

 

Ըստ ԱԻՄ առաջնորդի՝ այսօր մենք կանգնած ենք մի խնդրի առջև, որը պահանջում է վեր կանգնել անձնական շահերից և գնալ համախմբման և միասնության: «Քաղաքական ուժերը, սակայն, չեն կարողանում լուծել այս խնդիրը քանի որ կա՛մ ծախված են, կա՛մ ունեն եսակենտրոն շահեր: Այս պարագայում ազատ-ժողովրդավարական-ինքնիշխան Հայաստան ունենալու համար պետք է միավորվել գաղափարի շուրջ և հասնել շատ մեծ ընդգրկում ունեցող համազգային համախմբման»: 

 

Պարոն Հայրիկյանից խնդրեցինք իր տեսակետն արտահայտել Նիկոլ Փաշինյանի շուրջ համախմբված քաղաքական ուժերի և, մասնավորապես,  «Ելք» դաշինքի մասին: «Լուսավոր Հայաստանից Էդմոն Մարուքյանը ոսկե դաշինք է կազմել Նիկոլ Փաշինյանի հետ, բայց նրանք նոր են քաղաքականության մեջ, և որևէ մեկին հավատալու համար ես նրա գործը պետք է տեսնեմ: Ասեք մի բան, որը լինի ՔՊ-ի ոչ թե ցանկությունը այլ կատարածը: Օրինակ՝ իմ մասին հանգիստ կարող եք ասել, որ ազգային բանակի ստեղծման նախաձեռնողը եղել է Պարույր Հայրիկյանը, ասեք որևէ գործ, որը նա է արել: Մարդու գործը տեսած չլինելով՝ չեմ կարող գնահատական տալ, որովհետև գնահատականներ պետք է տրվեն գաղափարներին և գործին, ոչ թե անձին»:  

 

Վերջում Պարույր Հայրիկյանը հավելեց, որ ժամանակին բոլոր խելոք մարդիկ միացել են իր գաղափարներին, իսկ հիմա ԱԻՄ-ը պաշտոնապես դիմել է բոլոր ուժերին՝ իրենց հետ համագործակցելու կոչով: «Կուսակցությունների մի մասը համաձայնել է, մի մասն ինչ-ինչ հիմնավորմամբ մերժել է մեր առաջարկը, իսկ, եթե մեզ դիմողներ լինեն, մենք կարձագանքենք, մենք չենք լռի, որովհետև լռում են վախկոտները. մեր իրականության մեջ կան վախկոտներ և կան ծախվածներ: Ես պատրաստ եմ համեստորեն գնալ և ուրիշներին միանալ, եթե կիսեմ նրանց գաղափարախոսությունը»:

 

Աղավնի Սուքիասյան