Իտալիայի Մարկեի տարածաշրջանի իշխանությունները հայտարարել են հունվարի 18-ին տեղի ունեցած մի շարք ստորգետնյա ցնցումների «աղետալի» հետեւանքների մասին եւ խնդրել են օգնություն տրամադրել, տեղեկացնում է BBC-ին:
Չորեքշաբթի առավոտյան Իտալիայի Լացիոյի, Աբրուցոյի եւ Մարկեի մարզերում մի քանի ժամվա ընթացքում տեղի են ունեցել ավելի քան 5 մագնիտուդով չորս ուժգին երկրաշարժեր, որոնք հրահրել են ձնահյուսեր եւ սողանքներ: Երկրաշարժի հետեւանքով հազարավոր ընտանիքներ Մարկեի մարզում մնացել են առանց Էլեկտրականության, եւս մի քանի գյուղերի բնակիչներ կտրված են մնացել արտաքին աշխարհից:
Աբրուցոյի մարզում երկրաշարժի զոհ է դարձել 83-ամյա մի տղամարդ, որին գտել են Տերամո քաղաքում իր տան ավերակների տակ: Եվս մեկ մարդ անհայտ կորած է համարվում այն բանից հետո, երբ հայտնվել է ձնահյուսի տակ:
Ստորգետնյա ցնցումներն զգացվել են նաեւ Լացիոյի տարածաշրջանում, այդ թվում՝ Հռոմում, որտեղ դադարեցվել է մետրոյի աշխատանքը:
Իտալիայի երկրաֆիզիկայի եւ հրաբխագիտության ինստիտուտը հունվարի 18-ին Աբրուցոյում եւ Լացիոյում գրանցել է շուրջ 200 ստորգետնյա ցնցումներ, որոնց մագնիտուդը գերազանցել է 2-ը: