Բլոգեր Ալեքսանդր Լապշինը, որին Բելառուսի իրավապահ մարմինները ձերբակալել էին Ադրբեջանի պահանջով, նամակ է գրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և ներողություն հայցել իր գործողությունների համար։ Ալեքսանդր Լապշինը Բելառուսում Իսրայելի հյուպատոս Յուլյա Ռաչինսկի-Սպիվակովայի ներկայությամբ ստորագրել է «Ադրբեջանի նախագահին ուղղված նամակը»։ Այս մասին գրում է Sputnik Armenia-ն՝ հղում կատարելով «ՌԻԱ Նովոստի»-ին։

 

«Նամակում նա ներողություն է խնդրում իր գործողությունների համար։ Բելառուսում Իսրայելի հյուպատոսը հաստատել է նամակը և Բաքվում մեր դեսպանատան միջոցով հանձնել Ադրբեջանի նախագահի աշխատակազմին»,- ասել է Ռաչինսկի-Սպիվակովան։ Դիվանագետը նաև հաղորդել է, որ Լապշինի մայրը, որն Իսրայելի քաղաքացի է և բնակվում է այնտեղ, խնդրել է Ադրբեջանի նախագահին՝ ներում շնորհել իր որդուն։ 

 

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում կինոռեժիսոր Արշակ Զաքարյանն ասաց՝ այստեղ վտանգավոր խաղ է գնում Ադրբեջանի և Իսրայելի կողմից: «Հիմա այդ տղային կօգտագործեն, հայտարարություններ կանեն, որ ճիշտ չէր, որ այդ տղան գնար Ադրբեջան և նման հայտարարություններ աներ: Իսրայել-Ադրբեջան կապն այնքան մոտ է, ավելի մոտ, քան Թուրքիա-Ադրբեջան կապը, որ Իսրայելը թույլ չէր տա, որ իր քաղաքացին թեկուզ մի օր մնար բելառուսական բանտում, եթե այս խաղը չլիներ»,- նշեց Զաքարյանը և ավելացրեց՝ շատ հնարավոր է, որ Իսրայելը հաշվի է առել նաև այն հանգամանքը, որ Լապշինը նաև ՌԴ քաղաքացի է և շատ հնարավոր էր, որ այս խաղը աշխատեր նաև Ռուսաստանի դեմ ու ցույց է տալիս, որ ՌԴ-ն չկարողացավ ոչ մի բան անել, իսկ Իսրայելն արեց: 

 

Զաքարյանի վստահեցմամբ՝ այս խաղի վերջում տուժելու ենք մենք և բլոգերը, ում օգտագործել են: «Նա արդեն ներողություն է խնդրում, սա մեր դեմ է: Այդ տղային նեղելով, այդ օրը գցելով՝ ստիպել են նման հայտարարություններ անել ի օգուտ Ադրբեջանի և ի վնաս Հայաստանի»,- ասաց Արշակ Զաքարյանը: 

 

Նշենք՝ ՌԴ և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը, որը բնակվում է Մոսկվայում և վարում հեղինակավոր Travel Blog-ը, ձերբակալվել էր 2016 թվականի դեկտեմբերի 15-ին, Մինսկում:


2011 թվականի ապրիլին, 2012 թվականի հոկտեմբերին և 2016 թվականի հունիսին Լապշինն այցելել էր Լեռնային Ղարաբաղ և այդ մասին գրել իր բլոգում՝ քննադատելով Ադրբեջանի քաղաքականությունը, ինչի համար Ադրբեջանի իշխանությունները նրա նկատմամբ քրեական գործ էին հարուցել և հետախուզում հայտարարել՝ Ադրբեջանի պետական սահմանն անօրինական հատելու մեղադրանքով: Ադրբեջանը դիմել է Բելառուսին՝ Լապշինին արտահանձնելու պահանջով:

 

Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալն էլ որոշում էր կայացրել բավարարել Ադրբեջանի գլխավոր դատախազության խնդրանքը՝ Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու վերաբերյալ:

 

Քրիստինա Աղալարյան