Կապված առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ՝ ամենաարդիական հարցը, որ շուտով ծառանալու է յուրաքանչյուր շարքային ընտրողի առջև, թերևս, լինելու է «ում տալ վստահության քվե» հարցադրումը: Հարցն այս, պետք է նկատել, ամենևին էլ հեշտերից չի լինելու, քանի որ հայաստանյան քաղաքական դաշտն այնքան խայտաբղետ է ու ընտրության այնպիսի լայն հնարավորություններ է առաջարկում ընտրողին, որ չգտնել սեփական քիմքին հաճո որևիցե քաղաքական ուժ, մարդ, պարզապես, չի կարող:
Պետք է խոստովանել, որ վերջնական որոշում կայացնելու հարցում իշխանամետ հայացքներ ունեցողների վիճակն այնքան էլ անելանելի չէ. իշխանամետը հասկանում է՝ սեփական իշխանամետությունն արտահայտելու ընդամենը մեկ ձև կա՝ քվեարկելը Հանրապետականի օգտին և վերջ:
Իսկ ահա իշխանությունների նկատմամբ այնքան էլ ջերմ զգացմունքներ չտածողների գործն ամենևին էլ դյուրիններից չէ, քանի որ հավանական է՝ դաշտում ընդդիմադիր ուժերի հոծ բազմության առկայությունն, այսպես թե այնպես, շփոթմունքի մեջ է գցելու ընտրողների, եթե ոչ գերակշիռ մասին, ապա գոնե մի ստվար հատվածին՝ հաստատապես: Ուստի՝ հարկավոր է դաշտում թացը չորից տարբերելու համապատասխան ունակություն դրսևորել ու չտրվել քաղցր-մեղցր խոստումների գայթակղությանը, հակառակ պարագայում ընտրություններից հետո դյուրահավատները կարող են «կանգնել կոտրած տաշտակի առաջ»:
Բանն այն է, որ ԱԺ նոր կանոնակարգ-օրենքի համաձայն՝ ձևավորվելիք խորհրդարանում պատգամավորները հնարավորություն կունենան լքել այն կուսակցությունը կամ դաշինքը, որով մուտք են գործել Ազգային ժողով՝ միաժամանակ պահպանելով իրենց մանդատը: Իսկ սա, իր հերթին, նշանակում է, որ իշխանությունները դեռ «էն գլխից» են յուրատեսակ թակարդներ լարել ընդդեմ ապագա խորհրդարանական ընդդիմության ու ստեղծել գրեթե իդեալական պայմաններ՝ ընտրություններից հետո ընդդիմադիր ուժերի շարքերում պոտենցիալ խժդժություններ հրահրելու համար: ՀՀԿ-ի կողմից որպես խմբակցությունների ու կուսակցությունների ամրացմանն աներկբա նպաստ բերող ներկայացվող այս նորամուծությունն իրականում կատարյալ գործիքակազմ է հանդիսանալու ոչ միայն խորհրդարանի ներսում ընդդիմադիր խմբակցությունների ներսում պառակտում մտցնելու, այլև հարվածելու կուսակցությունների հասարակական վարկանիշին՝ իբր հասարակությանը փաստելու՝ կատարյալ անսկզբունքայնություն է թագավորում ոչիշխանական քաղաքական ուժերի շարքերում:
Իսկ այս ամենը կարող է նշանակել մեկ բան. շարքային ընտրողը սեփական ձայնը այս կամ այն կուսակցությանը տալուց առաջ պետք է նախևառաջ ինքն իրեն մի շատ արդիական հարց ուղղի. որքանո՞վ է արժանի այս կամ այն քաղաքական ուժը վստահության այն քվեին, որ ստանալու է քաղաքացուց, արդյոք չի՞ փորձում հանդես գալ հանրությանը հաճո ելույթներով, իսկ հարմար պահի դավաճանել սեփական սկզբուքներին ու այն բանին, ինչի համար նրան ընտրողը ձայն է տվել. տառապանքն, ինչպես ասում են, փորձ ունի:
Հետևաբար՝ շարքային քաղաքացին վերջնական որոշում կայացնելիս պետք է նախ գոնե մտովի անդրադարձ կատարի իրենից վստահության քվե հայցող գործիչների անցյալին, խելամտորեն համադրի խոսքերն ու գործերն ու անձամբ որոշի՝ ի՞նչն է կարևորում այս կյանքում՝ հյութեղ, բայց մերկ ելույթնե՞րը, թե՞ ուղիղ ու շիտակ խոսքը՝ զուգորդված ռեալ գործերով:
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ