ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը հունվարի 27-ին դառնում է 78 տարեկան:

 

Նրա տարեդարձի կապակցությամբ Մեծ Բրիտանիայում համերգներ են կազմակերպվել: Համերգային ծրագրերն իրականացվում են Լոնդոնի Guildhall School of Music and Drama-ի նախաձեռնությամբ, Տիգրան Մանսուրյանի լավ բարեկամ, հանրահայտ ջութակահար Լեւոն Չիլինկիրյանի ղեկավարությամբ և Լոնդոնի «Հայ հիմնարկի» աջակցությամբ:

 

Երեկ' հունվարի 26-ի երեկոյան, տեղի ունեցավ առաջին համերգը, որտեղ հնչեց Մանսուրյանի՝ Լևոն Չիլինկիրյանին նվիրված «Ջութակի կոնցերտ N2- Չորս խոհական երգ» ստեղծագործությունը․ մենակատարը Լևոն Չիլինկիրյանն էր։ Մեծ Բրիտանիայում այն կատարվում էր առաջին անգամ։ Համերգն անցկացվեց տեղի Milton Court համալսարանի դահլիճում։ Ներկայացվեցին նաև Յանաչեկի Լարային նվագախմբի Սյուիտն ու Բեթհովենի համար 14, երկ 131 լարային կվարտետը (նվագախմբային կատարում): Հունվարի 27-ին տեղի կունենա երկրորդ համերգը, որտեղ կհնչեն Բեթհովենի և Մանսուրյանի այլ գործեր։

 

Ականավոր կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը ծնվել է 1939 թվականի հունվարի 27-ին Բեյրութում: 1940-ականների վերջերին ընտանիքով ներգաղթել է Հայաստան: Մանսուրյանը կոմպոզիցիա է սովորել 1956-1960 թթ. Երևանի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում (Էդուարդ Բաղդասարյանի դասարան), ապա 1960-1965 թթ.՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ Ղազարոս Սարյանի դասարանում, ում ղեկավարությամբ ավարտել է ասպիրանտուրան։ Ուսանողական տարիներին գրել է տարբեր ժանրի երկեր, արժանացել մրցանակների։ Կոնսերվատորիայում ժամանակակից երաժշտության տեսություն է դասավանդել: 1986 թվականին Մանսուրյանին շնորհվել է երաժշտության պրոֆեսորի կոչում։ 1992-1995 թթ. եղել է կոնսերվատորիայի ռեկտորը։

 

Մանսուրյանը ժամանակակից երաժշտության ռահվիրաներից մեկն է և առաջինը, ով կոմպոզիցիոն ժամանակակից հնարներ (ինչպես օրինակ՝ նեոկլասիցիզմ, դոդեկաֆոնիզմ, վեբեռնիզմ) է ներմուծել Հայաստան։ Կոմպոզիտորի ստեղծագործությունները մեծ հաջողությամբ են ընդունվում Լոնդոնում, Փարիզում, Հռոմում, Միլանում, Վիեննայում, Մոսկվայում, Վարշավայում, Նյու-Յորքում, Լոս Անջելեսում և համաշխարհային երաժշտական այլ կենտրոններում։

 

Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները հայկական երաժշտարվեստի և ժողովրդական ավանդույթների հետաքրքիր միահյուսություն են՝ իրենց լուսապայծառ, արտահայտիչ մեղեդիներով և տպավորապաշտ, բարձրաճաշակ ու ընտիր հնչերանգներով։

 

Գրել է «Ձյունե թագուհին» (ըստ Հանս Քրիստիան Անդերսենի, 1988, բեմադրություն՝ 1990) բալետը, սիմֆոնիկ երկեր՝ «Պարտիտ» (1965), «Պրելյուդներ» (1975), «Գիշերային երաժշտություն» (1980), կոնցերտներ՝ թավջութակի և նվագախմբի (1976, 1981, 1983), երգեհոնի և լարային նվագախմբի (1964), ջութակի և լարային նվագախմբի (1981), ալտի և կամերային նվագախմբի (1995), «Արվեստ քերթության» երգչախմբի (խոսք՝ Եղիշե Չարենցի, 1997-1999) համար, կամերային երկեր՝ «Թովեմ» (15 մենակատարի համար, 1979), լարային կվարտետներ, 5 բագատել դաշնամուրային տրիոյի համար (1985), սոնատներ, վոկալ-կամերային մադրիգալների շարք (ձայնի և տրիոյի համար), «Հավատով խոստովանիմ» (ձայնի, ալտի և տղամարդկանց երգչախմբի համար, ըստ Ներսես Շնորհալու, 1999), վոկալ շարքեր՝ «4 հայրեն Նահապետ Քուչակից» (1967), «Մայրամուտի երգեր» (Հ. Սահյանի բանաստեղծությունների հիման վրա) և այլ ստեղծագործություններ:

 

Անհնար է պատկերացնել հայկական ֆիլմերն առանց Մանսուրյանի երաժշտության: Կոմպոզիտորի կինոերաժշտությունն առանձնանում է մեղեդայնությամբ, քնարականությամբ և մեծապես նպաստում է ֆիլմի գեղարվեստական նկարագրի ամբողջացմանը։

 

Մանսուրյանը հաճախ նշում է, որ երաժշտության մեջ երկու երևույթների հարաբերություն կա՝ ձայնի և լռության:

 

«Ո՞րն է ավելի հարուստ, ո՞րն է ավելի հագեցած, որի՞ մեջ ավելի խորհուրդ կա: Իմ կարծիքով, հարուստը լռությունն է: Երբ ես անցնում եմ սահմանը՝ չգրելուց գրելուն, իմ զգացումն այն է, թե հանցանք եմ գործել, որ կորցրել եմ այդքան ժամանակը: Երբ չեմ գրում, խեղդում է ունայնության զգացումը: Երաժշտություն գրելն ինձ համար գործ չէ, ինքնարտահայտման միջոց էլ չէ: Ես եմ: Ես ապրում եմ… Իմ իմացած ճշմարտությունը հաստատելու համար պատրաստ եմ լինել համառ: Ինչ պե՞ս կարելի է բաց ճակատով լեռների կատարներին նայել, որ մեջդ երգ հղանա, երբ քո շուրթերին թռիչքի անկարող, ներքին կրակից զուրկ հանգաբանություն է և ոչ բանաստեղծություն: Առանց մոլեգնության ոչ մի բան չի ծնվում…»,-ասում է կոմպոզիտորը: