«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՍԴՀԿ Ֆրանսիայի վարչության ատենապետ Գևորգ Սաչլյանը: Մեկ շաբաթ առաջ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Նարեկ Գալստյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հանդիպել են Գագիկ Ծառուկյանին և միանում են նրա նախաձեռնած լայն դաշինքին:

 

- Պարոն Սաչլյան, առաջիկա խորհրդարանական ընտրություններին ՍԴՀԿ-ն կմասնակցի «Ծառուկյան» դաշինքով: Արդյոք Ֆրանսիայի Ձեր վարչությունը խնդիր չի՞ տեսնում ընտրություններին մասնակցելու այս ձևաչափի հետ կապված:

- ՍԴՀԿ-ն, լինելով քաղաքական ուժ, նպատակ ունի ժողովրդին առաջարկել ընկերային և հասարակական ծրագրեր: Եվ ուրեմն շատ բնական եմ համարում ՍԴՀԿ-ի մասնակցությունը երկրի քաղաքական կյանքում ընտրական գործընթացների միջոցով: Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի լայն դաշինքին, անշուշտ, դեռևս ՍԴՀԿ-ի հետ բանակցությունների փուլում են, բայց կարծում եմ, որ այն դաշինքը, որը պատրաստ է ընդունել ՍԴՀԿ-ի գաղափարախոսությունը և ծրագրերը, որոնք վերաբերում են ընկերային առաջարկներին, ընդունելի և ողջունելի է: Իսկ թե ինչ վերջնական տեսք կունենա այդ դաշինքը՝ անշուշտ, կտեսնենք առաջիկայում:

- ՍԴՀԿ-ն, օրինակ, 2008-ին ընդդիմություն էր, մարտի 1-ին ժողովրդի կողքին էր մինչև 2010 թվականը: Նախկին քաղաքական կուրսից 180 աստիճան շրջադարձային չե՞ք համարում այս դաշինքը:

- Կուսակցությունն ունի իր ծրագրերը, որոնք առաջարկում է, իսկ այն քաղաքական ուժերը կամ դաշինքները, որոնք կկիսեն այդ գաղափարները, Հնչակյան կուսակցությունը կմիանա: Նախևառաջ Հնչակյան կուսակցությունը ինքնուրույն ուժ է, ունի իր ծրագիրը, իր առաջարկները, մտքերը: Եվ որ ուժերը հետևեն այդ գաղափարներին և աջակցեն՝ Հնչակյան կուսակցությունը կունենա իր ասելիքը, իր ձայներով կուսակցությունը կմիանա:

- Մի՞թե կարծում եք՝ Ծառուկյանը հետևելու է ՍԴՀԿ գաղափարներին, ծրագրերին և դրանք կյանքի կոչելու ուղղությամբ քայլեր կանի: Շատերի բնորոշմամբ՝ օլիգարխները հավաքվում են «Ծառուկյան» դաշինքում, այդ դեպքում ի՞նչ գործ ունի այնտեղ ՍԴՀԿ-ն:

- Յուրաքանչյուր քաղաքական գործիչ կամ դաշինք կարիք ունի տարբեր ոլորտներում ունենալու պլատֆորմ: Եթե դաշինքում ընկերային, ժողովրդային, ընկերվար գաղափարները Հնչակյան կուսակցությունն ինքն ամբողջացնի, և այդ դաշինքն ընդունի կուսակցության առաջարկած մտքերը՝ ինչո՞ւ ոչ: Ես որևէ արգելք և խոչընդոտ չեմ տեսնում: Կարևորը քաղաքական կամք ունենալն է և աշխատելը, որ այդ ծրագրերը կյանքի կոչվեն՝ ապահովելով ժողովրդին ընկերային և ժողովրդավար մթնոլորտ:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: