Առաջիկա երկու-երեք տարիների համար Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում ստատուս քվոյի պահպանումն առավել հավանական տարբերակն է, Tert.am–ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը։

«Սակայն աշխարհում էական արագացում են ձեռք բերել ընդգրկուն աշխարհաքաղաքական փոփոխություններ խոստացող գործընթացները, և այս համատեքստում կարող ենք խոսել ընդամենը կարճաժամկետ կանխատեսումների մասին»,– ասաց նա:

Նրա վերջին դիտարկումը վերաբերում էր երեկ Մոսկվայի պետական համալսարանի սոցիոլոգիայի և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, Եվրասիական Միության միջազգային շարժման առաջնորդ և դրա գաղափարախոս Ալեքսանդր Դուգինի՝ Երևանում արած այն հայտարարությանը, թե ԼՂՀ շուրջ ստեղծված իրավիճակում ամենաօպտիմալ տարբերակը ստատուս քվոյի պահպանումն է:

Ռուս քաղաքագետը նշել էր, որ Հայաստանի համար դա ձեռնտու է դե ֆակտո, Ադրբեջանի համար՝ դե յուրե, իսկ Իրանը, որ չի ցանկանում ինչպես Հայաստանի թուլացումն ու Ադրբեջանի՝ ուժեղացումը, այնպես էլ հակառակը, նույնպես կողմնակից է ստատուս քվոյի պահպանմանը:

Ռուսաստանցի քաղաքագետը ասել էր նաև, որ ԼՂ հիմնախնդիրը երբևէ լուծում չի ստանա:
Արման Մելիքյանի պատասխաններից դատելով՝ այս մասով արդեն նրա և քաղաքագետի գնահատականները տրամագծորեն տարբերվում են, քանի որ ասաց.«Սա այն դեպքն է, երբ անգամ Ռուսաստանի կամ Իրանի շահերը չեն կարող կայուն ու երկարաժամկետ երաշխիքներ ստեղծել տարածաշրջանային անվտանգության և խաղաղության պահպանման տեսանկյունից»:

Ուստի, Արման Մելիքյանը գտնում է, որ հատկապես Հայաստանի իշխանությունները պետք է հստակ պատկերացում ունենան այդ փոփոխությունների ընդհանուր ուղղվածության և ՀՀ-ի համար դրանց պարունակած իրական վտանգների մասին:

Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը Tert.am-ի հետ զրույցում Դուգինի այս հայտարարության առնչությամբ ասաց, որ սրանով ամեն ինչ ասված է:

«Որ Ղարաբաղի հարցը լուծված է»,- ասաց քաղաքագետը՝ ռուս գործընկերոջը ներկայացնելով որպես նախկինում մեր նկատմամբ այնքան մեծ բարյացակամություն չդրսևորող «ռուսական պատրիոտների գուրու»:

Ամեն դեպքում, Արման Մելիքյանը Հմայակ Հովհաննիսյանի լավատեսությունը չի կիսում, այն առումով, թե Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված է:

«Իմ կարծիքով՝ Արցախի ապագայի խնդիրը քաղաքական լուծում դեռ չի ստացել' այն առկախված է և, հետևաբար, մենք դեռ շատ լուրջ անելիքներ ունենք առաջիկայում, որպեսզի կարողանանք չեզոքացնել այս չլուծվածությունից բխող հնարավոր վտանգները»,- ասաց ԼՂՀ նախկին արտգործնախարարը:

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանը ռուս քաղաքագետի հայտարարության առնչությամբ ասաց.«Ես կարծում եմ՝ ադրբեջանցիներին պետք է հարցնել՝ ձեռնտո՞ւ է ստատուս քվոն, թե ոչ. կոնկրետ Դուգինը հայտարարում է, որ ձեռնտու է, ես ինչքան հասկանում եմ՝ ոչ այնքան»:

Բայց մի հարցում Ստեփան Գրիգորյանը Ալեքսանդր Դուգինի հետ համամիտ է. որ Ռուսաստանի տեսանկյունից ստատուս քվոն ձեռնտու է: «Քանի որ Ռուսաստանին պարզ չէ, թե ինչ է լինելու, եթե Ղարաբաղի հարցը լուծվի։ Բնական է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ավելի անկախ կլինեն, սուվերենության աստիճանն ավելի կմեծանա»,– նշեց նա:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այստեղ էլ Ստեփան Գրիգորյանը մասամբ համամիտ է, քանի որ ասաց, որ Հայաստանին ստատուս քվոն ինչ-որ առումով ձեռնտու է այն պատճառով, որ հայտնի է Ադրբեջանի՝ բավական կոշտ դիրքորոշումը:

«Բայց հեռանկարային առումով, ակնհայտ է, որ ինչ-որ պահից ԼՂ հարցը պետք է լուծվի»,-ասաց քաղաքագետը: