ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականները քննադատել են Սիրիայի Ռաքքա քաղաքի վրա հարձակվելու եւ «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման զինյալներից այն ազատագրելու Սպիտակ տան նախորդ ղեկավար Բարաք Օբամայի վարչակազմի պլանը եւ մերժել այն: Փետրվարի 2-ին այս մասին գրել է The Washington Post-ը:

 

Թերթի տեղեկություններով՝ հունվարի 17-ին՝ պետության ղեկավարի պաշտոնից հեռանալուց երեք օր առաջ, Օբաման ազգային անվտանգության հարցերով իր խորհրդականին խնդրել է փաստաթուղթը հանձնել Թրամփի թիմին:

 

Թրամփի վարչակազմում Օբամայի պլանը համարել են չափազանց վտանգավոր, ուստիեւ, ամենայն հավանականությամբ, դատապարտված ձախողման: « Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով զբաղվող թիմն այն համարել է միանգամայն անօգուտ եւ իսկույն մի կողմ է նետել այն»,- հայտնել է The Washington Post-ը:

 

Հունվարի 28-ին Թրամփն իր վարչակազմին հանձնարարել է 30 օրվա ընթացքում պատրաստել պլան, որում, մասնավորապես, պետք է նշվեն ԱՄՆ-ի նոր արտասահմանյան դաշակիցներն ԻՊ-ի դեմ պայքարում եւ նրանց աջակցման սկզբունքները: