ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում «Հայաստանի սպառողների ազգային ակադեմիա»-ի նախագահ Մելիտա Հակոբյանը, խոսելով ՍԱՊԾ-ի կողմից արձանգրված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրության ոլորտում առկա խախտումների մասին, նշեց. «Գիտեք՝ որքան ժամանակ է՝ այդ մասին խոսում ենք, 100 տարի է՝ ասում ենք: Մենք մի քանի անգամ դիմել ենք համապատասխան մարմիններին, այդ մասին անընդհատ գրում ենք, որպեսզի հատկապես դպրոցներում արգելեն գազավորված ըմպելիքների վաճառքը՝ փոխարենը վաճառելով կաթ և կակաո: Մենք այսուհետ ավելի խիստ ենք լինելու, հաճախակի այցելելու ենք դպրոցներ, մանկապարտեզներ, դնելու ենք որոշակի պահանջներ՝ մեզ հետ տանելով նաև փորձագիտական խմբեր: Պետք է առավել խստություն ցուցաբերել այս հարցում, չէ՞ որ գազավորված ըմպելիքներն ուղղակի թույն են, որոնք տալիս ենք մեր երեխաներին»,-նշեց Մ.Հակոբյանը՝ հավելելով, որ դեռ հարցական է, թե այդ վտանգավոր ըմպելիքների քանի տոկոսն է իրացվել շուկայում՝ հաշվի առնելով, որ դրանց մի հատվածը նաև չի փաստաթղթավորվում:
Այն մասին, որ հայտնաբերվել են նաև չփաստաթղթավորված գազավորված ըմպելիքներ, հայտնում է նաև ՍԱՊԾ-ն: Տարածված հայտարարության մեջ մասնավորապես նշված է. «Ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքներ արտադրող 15 տնտեսվարող սուբյեկտների մոտ արձանագրել է սննդամթերքի անվտանգության ոլորտը կարգավորող իրավական ակտերի պահանջների անհամապատասխանություններ: Արձանագրված անհամապատասխանությունների հիմքով՝ տրվել են վտանգավոր ճանաչված խմբաքանակների իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագրեր. մի շարք տնտեսվարող սուբյեկտների արտադրանքը ոչնչացվել է, իսկ 15 տնտեսվարող սյուբյեկտներից որոշների մոտ առկա են նաև փաստաթղթավորմանը ներկայացվող պահանջների խախտումներ»:
Հաշվի առելով այս հանգամանքը՝ կարելի է ենթադրել, որ չփաստաթղթավորված վտանգավոր ըմպելիքներն արդեն սպառվել են շուկայում՝ սպառողի առողջությանը վտանգ հասցնելով:
Նշենք, որ, չնայած մշտապես հնչող կոչերին, դպրոցներում շարունակում են վաճառվել գազավորված ըմպելիքներ:
Հ.Գ Վտանգավոր ճանաչված խմբաքանակների իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու և նմանատիպ այլ պահանջներ ներկայացնելու փոխարեն պետք է լինել առավել հետևողական, չթուլացնել վերահսկողությունը, հակառակ պարագայում՝ այդ պահանջներն արդեն կարող են համարվել ուշացած և անօգուտ...
Աղավնի Սուքիասյան