Հասարակության մեջ Կարեն Կարապետյանի՝ վարչապետի պաշտոնում նշանակվելը, արդարացված է դա, թե՝ ոչ, շատերի կողմից դրական ակնկալիքների հույս արթնացրեց: Իհարկե, հանուն արդարության պետք է շեշտել, որ այդ դրական հույսը հիմնականում արդյունք էր պետական քարոզչամեքենայի՝ հստակ մշակված ու փայլուն իրականացվող քաղաքականության, որի տակ, սակայն, շուտով պարզվեց՝ ամուր հիմքեր չկային. կառավարության՝ վերջին մի քանի ամիսների գործունեությունը շատերի մոտ լավ բեմականացված շոուի անսխալ տպավորություն է ստեղծել:
Ստեղծված գաղջ մթնոլորտը կարծես մի փոքր ցրեց Կարապետյանի՝ Մոսկվա կատարած պաշտոնական այցը, որն աչքի ընկավ ոչ միայն իր պատմականությամբ (վերջին 10 տարիներին սա ՀՀ վարչապետի առաջին պաշտոնական այցն էր ՌԴ մայրաքաղաք), այլև բավականին հետաքրքրական նյուանսներով, որոնք լուրջ վերլուծությունների ու հեռուն գնացող գնահատականների առիթ տվեցին: Այս այցի ամենաուշագրավ կողմերից մեկն էլ, անկասկած, արվելիք ներդրումների մասին հնչած խոստումներն էին, որ, սակայն, այստեղ՝ Հայաստանում, ոչ բոլորը «հալած յուղի տեղ» ընդունեցին. տառապանքն, ինչպես ասում են, փորձ ունի:
Ինչպես հայտնի է, օրերս վարչապետ Կարապետյանը Կոտայքի մարզ էր այցելել, որի ընթացքում արել էր հայտարարություններ, որոնք, եթե ոչ ֆանտաստիկ, ապա առնվազն ցնցող պետք է համարել. պարզվել էր, որ առաջիկայում ակնկալվող ընդհանուր ներդրումային փաթեթի ծավալը կազմելու է, ուշադրությո՛ւն, 2,4 մլրդ դոլար: Ընդ որում՝ ամենահետաքրքրականն այն է, որ, ինչպես պարզվում է, ֆինանսավորման աղբյուրները և ոլորտներն արդեն իսկ հստակեցված են: Մի խոսքով՝ եթե հավատալու լինենք Կարապետյանի խոսքերին, առաջիկայում Հայաստանի տնտեսությանն իսկական բում է սպասվում:
Հարց է ծագում՝ ի՞նչ է այս ամենը նշանակում: Մի՞թե սա իսկապես ոչ թե նախընտրական քարոզչություն է, այլ՝ ռեալ խոստում, կամ որո՞նք կարող են լինել այն իրական հիմքերը, որոնք մեզ թույլ կտան հաստատապես պնդելու, որ Մոսկվայում հնչած ցանկալի խոստումներն ուր որ է՝ կիրականան:
Պատասխանելու համար այս հարցերին, անկասկած, հարկավոր է համադրել մի քանի իրողություն. նախ՝ անկասկած է, որ Կարապետյանի «միլիարդանոց խոստման» ժամանակահատվածն ամենևին էլ պատահական չի ընտրված: Այն հնչում է մի ժամանակահատվածում, որն այլ կերպ, քան նախընտրական, ոչ մի կերպ չես համարի: Հիմա այնպիսի մի ժամանակաշրջան է, երբ յուրաքանչյուր դրական խոսք, խոստում կամ աննշան թվացող ժեստ՝ ուղղակի հոգեբանական ազդեցություն է ունենում ապագա ընտրողների վրա. այս ամենում չտեսնել նախընտրական նուրբ քարոզչություն, ուղղակի անհնար է: Իսկ այս կամ այն կերպ նախընտրական բնույթ կրող խոստումներն, ինչպես կյանքն է աներկբայորեն ապացուցում, աչքի չեն ընկնում իրենց ամրությամբ...
Երկրորդ հանգամանքը, որ հարկադրում է կասկածի տակ առնել բարձրաձայնած թվի իսկությունը, միանգամայն օբյեկտիվ, ինչու չէ նաև սուբյեկտիվ գործոններով պայմանավորված հանգամանքներն են: Անկասկած է, որ որքան էլ ակնկալվող ներդրումները քաղաքական կամ նույնիսկ աշխարհաքաղաքական երանգավորում ունենան, դրանք երբեք իրականություն չեն դառնա, եթե չլինեն հստակ երաշխիքներ առ այն, որ նման ներդրումներ անելը ներդրողի համար զուտ տնտեսապես արդարացված կարող է համարվել: Ասել կուզի՝ ռուսաստանցի գործարարը՝ լինի հայ, թե՝ թաթար, կամ, ասենք՝ էսկիմոս, նախքան սեփական փողերը, որոնք, բնականաբար, միայն իրենը չեն, երկրից դուրս բերելը՝ պետք է վստահ լինի, որ դրանք չեն փոշիանա ու հստակ շահույթ կապահովեն իրեն. Ռուսաստանի տնտեսական վիճակն ամենևին էլ նախանձելիներից չէ, ու Մոսկվային հստակ փաստարկված երաշխիքներ են հարկավոր՝ համոզվելու, որ երկրից խոշոր գումարի արտահոսքն արդարացված է լինելու ոչ միայն քաղաքականապես, այլև, որ ոչ պակաս կարևոր է, տնտեսապես:
Կա՞ն արդյոք համապատասխան երաշիքներ, թե այս ամենն ընդամենը հաճելի էյֆորիա է, ցնդաբանության պես մի բան: Բանն այն է, որ եթե զուտ օբյեկտիվորեն մոտենանք հարցին, ապա միանգամայն պարզ կդառնա, որ, որքան էլ ցավալի լինի խոստովանելը, Հայաստանն այսօր զուտ օբյեկտիվորեն տնտեսապես շահավետ երկիր չի կարող համարվել. բնակչության քանակն ամիս առ ամիս նվազում է, երկրում մնացողների գնողունակությունը խսիտ ցածր է, երկիրը թույլ է ինտերգրված համաշխարհային շուկային՝ բոլոր իմաստներով, մատների վրա կարելի է հաշվել այն ոլորտները, որոնք կարող են գոնե ինչ-որ չափով շահավետ համարվել: Այլ խոսքերով՝ Հայաստանը ներդրումային անդունդ է, ուր ներդրված փողերը ոչնչով երաշխավորված չեն: Իսկ երբ այս ամենին էլ գումարվում են սուբյեկտիվիզմն ու դրանից բխող տհաճ երևույթներն, ապա միանգամայն պարզ է դառնում, որ վարչապետի հնչեցրած կլորիկ գումարն իրականում աննյութական է ու, թերևս, բարի ցանկությունների ժանրից:
Իհարկե, պնդել, թե առաջիկայում որևիցե ներդրում պետք չէ հյուսիսից ակնկալել, սխալ կլիներ՝ անշուշտ, վերջապես՝ պետք չէ մոռանալ, որ Կրեմլը դեռևս այստեղ հստակ քաղաքական նպատակներ ունի ու դրանք իրագործելիս նրան դեռևս փող շատ է պետք գալու, բայց և կարծել, թե Պուտինն աչքերը փակ, ու բացառապես երազի երկիր Հայաստանը դրախտավայրի վերածելու բուռն ցանկությունից դրդված, խոշոր կապիտալի արտահոսք է կազմակերպելու սեփական երկրից, անհույս միամտություն կլիներ:
Հետևաբար՝ կարելի է ենթադրել, որ եթե ներդրումներ լինեն էլ, ապա դրանք ոչ մի կերպ չեն կարող ունենալ այնպիսի անիրական մեծ ծավալներ, որոնց մասին Կոտայքում մատնանշել էր Կարապետյանը. պետք չէ կերակրվել քաղցր երազներով. իրականությունը կարող է անտանելի դառնալ...
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ