Գաղտնիք չէ, որ Հայաստանի տնտեսության զարգացմանն էականորեն խոչընդոտող գործոններից մեկն էլ, եթե ոչ ամենագլխավորը, տնտեսության մեջ հավասար մրցակցային պայմանների բացակայությունն է: Այս առումով Հայաստանն, արդարև, կարելի է համարել աշխարհի ամենաանազատ տնտեսություն ունեցող երկրներից մեկը՝ չնայած այն հանգամանքին, որ տարիներ շարունակ խոսվում է այն մասին, թե իբր արվում է ամեն բան՝ այդ խնդիրն, ինչպես ասում են, մեջտեղից մեկընդմիշտ վերացնելու:

Պարզվում է՝ հիմա էլ շատ տնտեսվարող սուբյեկտների համար իսկական փորձաքարի է վերածվել 2012թ.-ին ընդունված «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքն ու փաստի առաջ կանգնեցրել ոչ միայն առանձին տնտեսվարողների, այլև սպառնում է իսկական պատուհաս դառնալ շարքային սպառողների գլխին: Բանն այն է, որ խոշոր առևտրային կետերից շատերը սկսել են այլևս չընդունել այն ընկերությունների արտադրանքը, որոնք դուրս են ավելացված արժեքի հարկից: Նշենք, որ շրջանառության հարկ վճարող են համարվում այն տնտեսվարողները, ում իրացումը չի անցնում 113,4 մլն դրամից: Այսինքն՝ այս դաշտում հիմնականում աշխատում են ոչ խոշորները:

Արդյունքում՝ օրենքի տառի պահպանման պատրվակով փաստացի ստեղծվում են ամենաբարենպաստ պայմանները՝ փոքր ընկերություններին շուկայից դուրս մղելու համար, ու քանի որ մրցակցությունը այս ճանապարհով զրոյացվում է, իսկ խանութներում էլ սկսում են վաճառվել միայն ԱԱՀ-ով ապրանքները, ապրանքների գները ևս թանկանում են, իսկ վերջնական սպառողն էլ ստիպված է լինում շատ ավելի թանկ վճարել: Մի խոսքով՝ քաղաքացու համար գերծախս տալու ևս մեկ անզուգական առիթ, որն ինքնաբերաբար նպաստում է երկրում աղքատության տոկոսի ավելացմանը:

Կառավարությունն, ինչպես հայտնի է, փորձում է անել ամեն բան, անկեղծորեն, թե տեսարան ստեղծելու ցանկությունից դրդված, տնտեսությունը ոտքի կանգնեցնելու համար: Իսկ որպես տնտեսության առաջընթացի հիմնական գրավական, ինչպես հայտնի է, հայտարարվել է երկրում հավասար մրցակցային տնտեսական դաշտ ստեղծելու անհրաժեշտության մասին, որը պետք է դառնա կառավարության գործունեության ամենահիմնական ելակետերից մեկը: Հարց է առաջանում, սակայն, ինչպե՞ս են հայտարարածը կյանքի կոչելու, երբ նույնիսկ բարենպաստ օրենսդրական դաշտ չի հաջողվում ապահովել, ու նույնիսկ լավ նպատակներով ստեղծված ու մշակված օրենքները Հայաստանի պայմաններում վերածվում են չարիքի:

Անկասկած է՝ եթե կա հստակ նպատակ ու ցանկություն՝ կարգավորելու տնտեսությունն ու վերջապես հաստատելու նորմալ իրական մրցակցություն տնտեսվարողների միջև, ինչպես նաև կանխելու արհեստական գնաճը՝ այդպիսով գոնե չխթանելով առանց այն էլ երկրում խորացող աղքատությունը, կառավարությունը, օրենսդիր մարմնի հետ համատեղ, պետք է մշակի մի այնպիսի նոր օրենք, որում կբացակայեն այն բոլոր խութերը, որոնք տեղ են գտել ներկայում գործող օրենքում. առանց համապատասխան օրենսդրական դաշտ ապահովելու՝ անհնար է շոշափելի արդյունքների հասնել երկրում ազատ մրցակցային պայմաններ ստեղծելուն ուղղված պայքարում. առանց այն էլ համատարած մոնոպոլիա է…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ